Գ. Հարությունյան. Կա ոչ թե հանդուրժողականություն, այլ համարժեք պատասխան
«2009 թվականի աշնանային զորակոչից սկսած, Հասարակական խորհրդի հովանու ներքո գործում է զորակոչային հանձնաժողով, որը զբաղվում է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման և լուծման հարցերով: Անցած հինգ զորակոչերի ընթացքում, իմ տպավորությամբ, հանձնաժողովը հասցրել է որոշակի ճանաչում և վստահություն ձեռք բերել մեր հասարակության շրջանում»,- այսօր անդրադառնալով մայիսի 22-ին մեկնարկած գարնանային զորակոչին, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ անցած 5 զորակոչերի ընթացում հանձնաժողովը ստացել և քննարկվել է 212 դիմում-բողոք, իսկ այս զորակոչի` արդեն անցած 20 օրերի ընթացքում քննարկվել է 22-ը:
Գ. Հարությունյանն ասաց, որ զորակոչերի անցկացման կարգում օրենսդրական փոփոխություն է եղել և այժմ արդեն անցկացվում են ՀՀ նախագահի կողմից սահմանվող ժամկետներում: Նա նշեց, որ այս փոփոխությունը կապված է 12-րդ դասարանների ավարտական և բուհերի ընդունելության քննությունների ժամկետների հետ:
«Փոփոխություն է կատարվել նաև կապված բնակավայրին մոտ ծառայության հետ: Առաջ սահմանվում էր, որ բնակության մոտ ծառայության շառավիղ սահմանվում է 100 կմ-ը, իսկ այժմ այն երկարաձգված է մինչև 150 կմ: Դա պայմանավորված է զորակոչային ռեսուրսի ավելի ռացիոնալ տեղաբաշխմամբ»,- հավելեց բանախոսը:
Նա նաև հայտնեց, որ նախկինում միակողմանի ծնողազուրկ զինակոչիկները բնակավայրին մոտ ծառայության արտոնությունից օգտվում էին առանց նախապայմանի, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո նախապայման է մտցված, որի համաձայն, արտոնությունից կօգտվեն այն զորակոչիկները, ովքեր չունեն չափահաս քույր եղբայր կամ հանդիսանում են ծնողի միակ զավակը:
Անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի` զորակոչային տրամադրությունների վրա հնարավոր բացասական ազդեցությանը, Գ. Հարությունյանը նշեց. «Կարծում եմ որևիցե բացասական ազդեցություն չի եղել: Ընդհանրապես, մեր հասարակության տրամադրություններում հակառակ գործընթացը կա»:
Այնուհետև, անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների նկատմամբ հայկական կողմի դիրքորոշման մասին այլևայլ մեկնաբանություններին, բանախոսը նշեց, որ կա ոչ թե հանդուրժողականություն, այլ համարժեք պատասխան, որոնց արդյունքում հակառակորդը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է կրել: