Փորձագետ. Հայկական բանակի առկայությունն է զսպում
«Կարծում եմ, որ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի վերահսկում սեփական բանակում տիրող իրավիճակը: Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական սահմանագծի հատվածը, որտեղ վերջին օրերին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ, դիվերսիոն գործողությունների փորձեր, և որտեղ ոչ վաղ անցյալում կրակ էր բացվել խաղաղ բնակչության, մանկապարտեզի ուղղությամբ, ադրբեջանական կողմից վերահսկում են Ադրբեջանի նույն` երրորդ բանակային զորամիավորման ստորաբաժանումները»,- մեկնաբանելով Ադրբեջանի Զինված ուժերի տարածած հայտարարությունն այն մասին, թե՝ «Ադրբեջանական բանակից 10 օր կպահանջվի ազատագրելու օկուպացված տարածքները»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Նա նշեց, որ ըստ երևույթի, հենց այդ ստորաբաժանումների հրամանատարներն էլ, որոք, ի դեպ, իր տեղեկություններով վերջերս են նշանակվել պաշտոնների, Ադրբեջանի ԶՈւ ԳՇ հրահանգով պատրաստվում են ընդամենը 10 օրվա ընթացքում «դուրս գալ» հայ-ադրբեջանական կամ իրանա-ադրբեջանական սահմանագիծ: Ուղղակի հայկական բանակի առկայությունն է զսպում նրանց: