Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի Սևանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու նախագիծը
Հունիսի 13-ին` աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կառավարության կայքում հայտնվեցին նախագծեր, որոնց ընդունմամբ Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը 2012թ. կգերազանցի օրենքով սահմանված ծավալին:
Կառավարության նիստում` հունիսի 14-ին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը կներկայացնի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:Ինչպես հայտնում է Էկոլուրը, ըստ այդմ, Սեւանա լճից 2012թ. բացթողումները կհասցվեն 320 միլիոն խմ-ի այն դեպքում, երբ օրենքով հաստատված ծավալը կազմում է 170 միլիոն խմ: Ջրի նման չափաքանակի բացթողումը, ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորման, ոռոգման ջրի սակավությունն է, Ապարանի եւ Ազատի ջրամբարների նվազ լցվածությունը: Ինչպես նշված է փաստաթղթում. «13.06.2012թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 31.81 մլն մ3, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաu է 59.32 մլն մ3-ով, իuկ Ազատի ջրամբարի լցվածությունը 13.06.2012թ. դրությամբ կազմել է 60.57 մլն մ3, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաu է 9.51 մլն մ3-ով»:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2008թ. ՀՀ Ազգային Ժողովը աննախադեպ որոշում ընդունեց, որն էր փոփոխություններ մտցնել «Սեւանա լճի էկոհմակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որտեղ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված է մինչեւ 170 միլիոն խմ, եւ հաստատեց 303 միլիոն խմ ծավալով ջրի բացթողումը: «Սեւան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի պաշտոնական տվյալների համաձայն` 2008թ. Ապարանի ջրամբարի լցվածությունը 27,93 միլիոն խմ է եղել, իսկ Ազատի ջրամբարինը` 46,36 միլիոն խմ, այսինքն` միասին վերցրած գումարային լցվածությունը կազմել է 73,66 միլիոն խմ: Ապա 2009թ. ջրի գումարային լցվածությունը կազմել է 97.72 միլիոն խմ, 2010թ.` 153.72 միլիոն խմ, իսկ 2011թ.` 146.45 միլիոն խմ: Միջինացված տվյալներով 2012թ. լցվածությունը կազմել է 93,4 միլիոն խմ: Այսինքն` 2012 թվականը գործնականում համեմատվում է 2009 թվականի հետ, երբ Սեւանա լճից ջրի բացթողումները կատարվեցին օրեքին համապատասխան: Եւ ոչ մի համեմատություն չի կարող լինել 2008 թվականի հետ, քանի որ ջրամբարները լցված են 23,97 միլիոն խմ-ով կամ 33%-ով ավելի:
«ԷկոԼուր»-ը կոչ է անում ՀՀ կառավարությանը չհաստատել այս նախագծերը` հաշվի առնելով Ջրային տնտեսական պետական կոմիտեի հիմնավորման աննպատակահարմարությունը, ինչպես նաեւ Սևանա լճի էկոհամակարգի համար բարձր ռիսկերը` կապված լճի մակարդակի անդադար բարձրացման ռեժիմի խախտման եւ նրա կտրուկ տատանման հետ: Կառավարությունը պետք է հետևի գործող օրենքին և թողնի Սևանա լճից ջրի բացթողումների` 2012թ. հաստատված 169 միլիոն խմ ծավալը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան