Ո՞ւմ են խանգարում Ծառուկյանի ավտոբուսները. Կոտայքցի վարորդները բողոքում են` օրը 1000 դրամ էլ տուն չեն կարողանում տանել
«Այս պահին տասը երթուղի դադարեցրել է աշխատանքը. խոսքը շուրջ 100 աշխատողի մասին է, որոնք անժամկետ գործադուլ են հայտարարել, բանակցում ենք նրանց հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց «Քինգ Դե Լյուքս» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը: Նշենք, որ առավոտվանից ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում այս ընկերության երթուղիների բողոքող վարորդներն են, որոնք պնդում են, թե «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական երթուղիների պատճառով իրենք ֆինանսապես տուժում են:
Ա.Դալլաքյանի փոխանցմամբ, գործադուլ են անում մասնավորապես Երևան-Աբովյան 259 համարի, Աբովյանի ներքաղաքային 1, 2, 3 համարի և Չարենցավան-Երևան 275 համարի ու նաև ներմարզային ևս հինգ երթուղիների վարորդները: Այս պահի դրությամբ նրանք նշում են, որ գործադուլն անժամկետ է լինելու, այնպես որ դժվար է ասել, թե քանի օր այս իրավիճակը կշարունակվի:
«Երեկոյան պետք է հանդիպեմ վարորդների հետ քննարկելու ստեղծված իրավիճակը … Ճիշտն ասած ես չեմ պատկերացում լուծումն ինչում պետք է գտնենք, բայց հստակ է, որ անվճար այդ երթուղիները խանգարում են և հարցը հասել է անգամ նրան, որ վարորդները անգամ վառելիքի խնդիրը չեն կարողանում լուծել: Էլ չեմ խոսում եկամուտի մասին` օրը 1000 դրամ էլ տուն չեն կարողանում տանել»,- մեր հարցին ի պատասխան, թե ինչ է պատրաստվում անել ու ինչ լուծում է տեսնում այս իրավիճակից նշեց ընկերության տնօրենը:
Մեր այն հարցին, թե այդ երթուղիները միայն ընտրությունների շրջանում չէին գործում և ավելի վաղ էլ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Աբովյան-Երևան անվճար երթուղիներ ապահովել է, ինչո՞ւ հենց հիմա այս ողջ աղմուկը բարձրացավ, Ա.Դալլաքյանը պնդեց, որ ժամանակին եղել է ընդամենը երկու հատ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս, որը սպասարկել է միայն ու միայն այս ուսանողներին, որոնք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդից են. «Այլ որևէ տեսակի մարդ չէր սպասարկվում, երկու ավտոբուս միայն նշված անձանց համար: Հիմա դառավ այն, որ այսօր ընդհանուր առումով Չարենցավան, Աբովյան բոլոր այդ երթուղիներին մոտավորապես աշխատում է 28 կամ 30 «ՊԱԶ» ավտոբուսներ: Այսինքն, սա մտադրված գործունեություն է մեր ընկերության նկատմամբ»,- նշեց Ա.Դալլաքյանը:
«Քինգ Դե Լյուքս»-ը բազմիցս է դիմել այս խնդրով թե ՏՄՊՊՀ-ին, թե Կապի և տրանսպորտի նախարարությանը` նաև նախորդ նախարարի օրոք է դիմում եղել: Panorama.am-ի զրուցակցի խոսքերով, Մանուկ Վարդանյանից իրենք այդպես էլ փորձագիտական պատասխան չստացան, բայց նոր նախարարից` Գագիկ Բեգլարյանից, արդեն տեսնում են որոշակի քայլեր.
«Մի քանի օր առաջ ինձ զանգահարել են, որպեսզի խնդիրը ներկայացվի նախարարին` հետագայում իրավական լուծում տալու նպատակով»,- մասնավորեցրեց նա: Հարցը նաև ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում է հավաստիացրեց Ա.Դալլաքյանը:
Մի խոսքով, այսօր երեկոյան Արթուր Դալլաքյանը կհանդիպի գործադուլ հայտարարած վարորդների հետ, թեև վստահություն չուներ, որ այդ հանդիպմանը համաձայնության կհասնեն: Ավելին` տեղեկություններ ունի, որ մարզային տաքսու վարորդներն էլ ցանկություն ունեն միանալ բողոքի այս ակցիային, իսկ եթե դա այդպես լինի, ապա, ընկերության տնօրենի կարծիքով, իրավիճակը էլ ավելի կսրվի:
Հիշեցնենք միայն, որ շուրջ մեկ ամիս առաջ Panorama.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել էր, որ բարեգործությանն ուղղվող գումարները առաջիկայում կրկնապատկվելու են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները