Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան տեղի կունենա Երևանում

13:29 09/08/2012 » Հասարակություն

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան տեղի կունենա Երևանում

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային յոթերորդ օլիմպիադան տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, Երևանում: Այդ մասին տեղեկացնում են Սինոփսիս ընկերությունից:

Առաջին անգամ միջոցառումն անցկացվելու է Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի Ճարտարագիտական ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (TTTC) հետ համագործակցությամբ:

Նախաձեռնված լինելով 2006 թ.-ին՝ Օլիմպիադան անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Օլիմպիադայի հովանավորն ու գլխավոր կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն է: Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը: Օլիմպիադայի հովանավորներն են նաև Յունիքոմփ ՓԲԸ-ն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը, Հայաստանի գործարարների (գործատուների) և արդյունաբերողների միությունը, Արմինկո ՓԲԸ-ն, Վիասֆեր տեխնոպարկը և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ՓԲԸ-ն:

«Նախագծման և թեստավորման մարտահրավերներին ընդառաջ» թեմային համահունչ՝ Օլիմպիադայի մասնակիցները կմրցեն հետևյալ բնագավառներում՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ Օլիմպիադայի նպատակներն են Հայաստանում և մասնակից երկրներում միկրոէլեկտրոնիկայի զարգացման հետագա խթանումը՝ հայտնաբերելով և խրախուսելով տարածաշրջանի երիտասարդ և տաղանդավոր ճարտարագետներին, մեծացնելով երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտելով միկրոէլեկտրոնիկայի բնագավառում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակը՝ կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով, և ստեղծելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք: «Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան առաջին օլիմպիադան մեկնարկել է 2006 թ.-ին` ընդգրկելով 82 մասնակից: Այդ ժամանակից ի վեր միջոցառումը վերաճել է միջազգային մրցույթի` ներառելով բազմաթիվ մրցանակներ տարբեր անվանակարգերում և ընդգրկելով 349 մասնակից 12 երկրներից», - ասել է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն և Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց