«Հյուսիսային Իրաքի եզդիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»

14:22 18/08/2012 » Տարածաշրջան

«Հյուսիսային Իրաքի եզդիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»

Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում: Անդրադառնալով Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ տեղական քրդական ղեկավարության կողմից իրականացվող բռնաճնշումներին և խտրական վերաբերմունքին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սայիդ Ավդալյանը:

Վերջինիս խոսքերով` Հյուսիսային Իրաքում մեծամասնություն կազմող քրդերը, ձգտելով այս տարածքում ստեղծել սեփական անկախ պետականություն, տարբեր բռնաճնշումների միջոցով ձգտում են ուծացման ենթարկել տեղի 1,5-2 մլն եզդի ազգաբնակչությանը` վարելով վերջիններիս միտումնավոր քրդացման քաղաքականություն:

Ըստ Սայիդ Ավդալյանի` Հյուսիսային Իրաքի քրդական ղեկավարության այս քաղաքականությունը սկիզբ է առել Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո և, հանդիպելով Արևմտյան երկրների, մասնավորապես Միացյալ Նահանգների լռելյայն համաձայնությանը, շարունակվում է առ այսօր:

Իր հերթին ասուլիսին ներկա «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Թամոյանը նշեց, որ քրդական պաշտոնական դիրքորոշումը փորձում է տարածել այն միտքը, որ եզդիները նույն քրդերն են և տարբերվում են միայն կրոնական պատկանելությամբ: Այնինչ, ըստ Բորիս Թամոյանի, եզդիները և քրդերը բացարձակապես տարբեր ժողովուրդներ են:

«Եզդիները և քրդերը իրապես տարբեր ազգություններ են, և դա ապացուցվում է տարբեր փաստարկներով: Եզդիները քրդերի հետ չունեն ոչ մի նմանություն` բացի քրդերի մի մասի հետ լեզվական նույնությունից: Քրդերի մի փոքր հատվածը և բոլոր եզդիները խոսում են իրանական կուրմանջի բարբառով: Սա հիմք է տալիս քրդերին «ապացուցելու», որ քրդերն ու եզդիները նույն ազգն են»,-նշեց Բորիս Թամոյանը:

Բացի դրանից, ըստ Բորիս Թամոյանի, քրդերը իրենց համարում են մարերի հետնորդներ: Իր հերթին եզդիները կրում են շումերական մշակութային շերտեր:

Սայիդ Ավդալյանի խոսքերով` ներկայումս Հյուսիսային Իրաքում բնակվող քրդերը գտնվում են ծայրահեղ վատ վիճակում և զրկված են տարրական մարդկային իրավունքներից: «Հյուսիսային Իրաքում եզդին մարդ չի համարվում»,- ասաց Սայիդ Ավդալյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց