«Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Վ.Համբարձումյանի հետ…». Շնորհվեց մեծ աստղագետի անվան մրցանակը
Քիչ առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տարի միջազգային մրցանակը շնորհվում է աստղաբան, պրոֆեսոր Յան Էյնաստոին (Էստոնիա)և պրոֆեսոր Իգոր Նովիկովին (Ռուսաստան):
Ինչպես պարգևատրման արարողությանը նախորդող ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` այս տարի ներկայացվել է տարբեր երկրներից շուրջ 20 հայտ, բայց ընտրությունը կատարվեց ի օգուտ այս երկու գիտնականների: Նա շեշտեց, որ մրցանակակիրների ընտրությունը կատարվել է անաչառ, հատուկ ստեղծված հանձնաժողովի ութ անդամների կողմից:
Ռ.Մարտիրոսյանի խոսքով, Վ.Համբարձումյանի անվան մրցանակը արդեն մեծ պատիվ ու հարգանք է վայելում աշխարհում: Նրա խոսքով, այն մեծ ոգևորություն առաջացրել երիտասարդ գիտնականների շրջանում:
Նշվեց, որ մրցանակների առաջադրումների սկզբնաժամկետն էր 2011թ-ի սեպտեմբերի 18-ը, իսկ վերջնաժամկետը` 2012թ-ի մարտի 18-ը:
«Էստոնացի և ռուս մասնագետները մեծ ներդրում են կատարել աստղագիտության զարգացման գործում: Ուսուցանելով Վ.Համբարձումյանի մոտ, իրենց գործունեության շնորհիվ կարողացան լուրջ ներդրում ունենալ հայ մեծ աստղագետի գործի շարունակության մեջ»,-հավելեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Մրցանակակիր Իգոր Նովիկովը, շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի համար, պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս սերտորեն համագործակցել հայ աստղագետների հետ և նպաստել հայ գիտության հեռանկարային զարգացմանը:
Նման պատրաստակամություն հայտնեց նաև էստոնացի Էյնաստոն` նշելով, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Վ.Համբարձումյանի հետ, իսկ նման մրցանակը խթան կհանդիսանա ոլորտի զարգացմանը:
Ռ.Մարտիրոսյանը, եզրափակելով պարգևատրվածների մասին խոսքը շեշտեց, որ մրցանակի հիմնական նպատակն է ըստ արժանվույն բարձր պահել աստղագետի կոչումը:
Նա հատկանշեց, որ որևէ կարևորություն չի տրվում գիտնականի ծագումնաբանությունն ու այն, թե որ երկիրն է նա ներկայացնում.
«Հանձնաժողովը հաշվի է առնում գիտնականի անցած ուղին և գիտական աշխատությունների ճանաչված լինելը»,- ընդգծեց նա:
Այն հարցին, թե արդյո՞ք եղել են Հայաստանից որևէ հայտեր, Ռ.Մարտիրոսյանն արձագանքեց, որ մրցույթը կազմակերպվում է նույն ձև, ինչ նոբելյան մրցանակը և գիտական էթիկայի սահմաններից ելնելով մինչև վերջին պահը հայտ ներկայացրած որևէ գիտնականի մասին տեղեկություն չի հրապարակվում:
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է հարկավոր նման մրցանակ սահմանելն ու այդչափ միջոցներ (մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար )հատկացնել գիտնականներին, եթե կարելի էր այն հատկացնել, օրինակ, Բյուրականի աստղադիտարանի արդիականացմանը` ԳԱԱ նախագահն ասաց, որ մրցանակը հնարավորություն է տալիս բարձրաձայնել հայ աստղագետների խնդիրների մասին համաշխարհային մասշտաբով և օգտակար լինել գրանտային և այլ ծրագրերին, որոնք կնսպաստեն գիտության զարգացմանը:
Նա նաև տեղեկացրեց, որ անցած ամիս մեկնարկել են Բյուրականի աստղադիտարանի 2.6 մետր շառավիղով հեռադիտակի արդիականացման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է մինչև 2013թ-ի վերջ:
Նշենք, որ մրցանակը սահմանվել է 2009թ-ի ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, այն շնորհվում է աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքների համար` երկու տարին մեկ անգամ: Մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար և առաջին անգամ այդ մրցանակով պարգևատրվել են 2010թ-ին :
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին