Նախագահը ցավակցել է Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ: Նախագահի մամլո գրասենյակից տեղեկանում ենք, որ Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային ուղղված հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին:
Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը:
Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի Գրաչովի բացառիկ ջանքերը և նշանակալի մասնակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն աջակցելու գործում: Նա կանգնած է եղել մեր եղբայրական երկրների միջև դաշնակցային գործընկերության կայացման ու զարգացման հիմքերում:
Հետևողական և արդյունավետ գործունեության, ինչպես նաև իր մարդկային բարձր որակների շնորհիվ, Պավել Գրաչովը հայ ժողովրդի հիշողության մեջ միշտ կմնա որպես հավատարիմ բարեկամ և անկեղծ զինակից: Նրա պրոֆեսիոնալ ոգին, հավատարմությունը երդմանն ու պարտքին, խիզախությունն ու անվեհերությունը վառ օրինակ են երիտասարդ սերունդների համար:
Հարգելի Լյուբով Ալեքսեյի,
Ընդունեք անկեղծ ցավակցություններս, մաղթում եմ տոկունություն և համբերություն Ձեր ընտանիքի համար այս ծանր օրերին»: