Մանկապարտեզներին կարագի փոխարեն մատակարարվել է սփրեդ. անբարեխիղճ տնտեսվարողները տուգանվեցին տարեկան հասույթի 1%-ի չափով
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է ուսումնասիրությունները` մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:
Այսօր ՏՄՊՊՀ-ի նիստում նշվեց, որ վարույթի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել է հանրապետության ողջ տարածքում գործող 575 մանկապարտեզների գործունեությունը: Արդյունքում, բացահայտվել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլ նաև մատակարար ընկերությունների կողմից անբարեխիղճ վարքագծի` խաբեության տասնյակ դեպքեր:
Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ` սփրեդ կամ մարգարին, որոնք թե որակական, թե գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Ավելին, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումանսիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել. օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպեղ և այլն:
Հատկապես մարզերում բացահայտվել են նաև այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ, քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին: Եթե նախորդ դեպքում տնօրենները նշում էին, որ խնդրի մասին տեղյակ չեն եղել, ապա այս դեպքում ակնհայտ է, որ նրանք իմացել են սփրեդի ձեռքբերման մասին:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հատկապես մարզերում, մի շարք ընկերություններ մանկապարտեզների տնօրենների փոխադարձ համաձայնությամբ սննդի մատակարար են դարձել` առանց մրցույթների անցկացման, ինչ օրենքի կոպիտ խախտում է: Նման գործելոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, քանի որ տասնյակ և միգուցե ավելի բարեխիղճ տնտեսավարողներ զրկվել են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից:
Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատածում կարագի գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի: Այնուհետև ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներից պահանջել է ներկայացնել ձեռքբերված ապրանքների համապատասխանության սերտիֆիկատները, որպեսզի ի վերջո պարզի, թե մատակարարները իրականում ինչ ապրանքն են գնել և վաճառել:
Արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողները հիմնականում ներկայացնում են միևնույն սերտիֆիկատները: Ստացվում է, որ տնտեսվարողը կարող է ձեռք բերել ցանկացած այլ ընկերության համապատասխանության սերտիֆիկատի պատճեն և անհայտ ծագման ապրանքն իրացրել նշված փաստաթղթի ներքո:
ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են`«Լուսաշխարհ», «ԱԲԱՖ», «Սեար գրուփ», «Երեքնուկ», «Այգաբեր», «Կրիստալ», «Աբովյան Սիթի», «Արմեն ԱՔԷ», «Արարտ», «Էթյունի», «Ոսկե խարիսխ», Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ:
Հանձնաժողովի նիստին հաջորդած ճեպազրույցում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են: Խոսքը մասնավորապես վերաբերում է մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգին, որը թերի է: Այդ կարգում բացակայում է, որ թե որոնք են երեխաների համար թույլատրելի և արգելված սննդամթերքները:
Ա.Շաբոյանի խոսքերով` իրենք անընդունելի և դատապարտելի են համարում տնտեսվարողների նման վարքագիծը, առավել ևս, որ խնդիրն առնչվում է մանկահասակ երեխաներին: Այդ իսկ պատճառով որոշվեց կիրառել անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրության նախատեսված առավելագույն պատժաչափ` տվյալ տնտեսվարողների տարեկան հասույթի 1%-ի չափով:
Նշվեց նաև, որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաև բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում գտնում են վերոնշյալ խնդիրները: