Այսօր կկայանա Кarabakhrecords.info ինտերնետային կայքի շնորհանդեսը
Кarabakhrecords.info ինտերնետային կայքը ստեղծված է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է 2009թ. նոյեմբերից ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։ Այս ընթացքում ստեղծվել է չորս փաստագրական ֆիլմ՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի դեպքերի և «Օղակ» գործողության մասին, որոնք թարգմանվել են մի քանի լեզվով։
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ստեղծագործական խմբի տարածած հաղորդագրության համաձայն, կայքը ներկայացնում է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան. արխիվային փաստաթղթեր, հետաքննության և դատական գործընթացների նյութեր, լուսանկարներ և տեսագրություններ, ականատեսների և տուժածների վկայություններ, միջազգային կազմակերպությունների և փորձագետների գնահատականներ, ինչպես նաև տվյալ թեմայի վերաբերյալ մամուլի հրապարակումներ ու գրքեր։
Karabakhrecords ինտերնետային ռեսուրսի յուրահատկությունն այն է, որ այստեղ առաջին անգամ և ամբողջականորեն ներկայացված են 1987-1992թթ. ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացված ցեղասպան գործողությունների, ջարդերի և խաղաղ բնակչության բռնագաղթի վերաբերյալ փաստագրական նյութերը։
Կայքի հիմնական նպատակներից է փաստերով հիմնավորված պատասխան տալ Ղարաբաղյան հակամարտության նախապատերազմական շրջանում և 1992թ.-ին Մարաղա գյուղում տեղի ունեցածը խեղաթյուրելու և պատմությունը կեղծելու Ադրբեջանի փորձերին։
Ռեսուրսի հեղինակների նպատակն է նաև աջակցել ԶԼՄ-ներին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս կայքում կգտնեն բոլոր անհրաժեշտ տվյալները՝ լուսանկարներ, տեսանյութեր դեպքերից յուրաքանչյուրի վերաբերյալ։
Կարևոր է նաև կայքի ուսուցողական-տեղեկատվական բնույթը։ Կայքը կոչված է օգնելու բոլոր հետազոտողներին, փորձագետներին և ուսանողներին, ովքեր ուսումնասիրում են տվյալ ժամանակահատվածը և ցանկանում են օբյեկտիվ տեղեկություններ ստանալ Ղարաբաղյան հակամարտության պատմության վերաբերյալ։
Կայքի նյութերը ներկայացված են տարբեր լեզուներով։ Հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Կայքը պարբերաբար թարմացվելու է։
Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 4–ին, ժամը 14։30–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան