«Համազգային» թատրոնի շենքը կառուցվելու է ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի ներկայացրած էսքիզով
Երևանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստում ընտրվել է Սարյան փողոցին հարող հատվածում «Համազգային» թատրոնի շենքի ճարտարապետական էսքիզային նախագիծը, որի հեղինակն է վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանը:
Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 13-ից գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում «Համազգային» թատրոնի շենքի ճարտարապետական էսքիզային նախագծի մրցույթ էր հայտարարվել: Հայտերն ընդունվել են մինչև հոկտեմբերի 1-ը: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 7 նախագիծ, հաղթող են ճանաչվել երեքը. վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի, հեղինակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցի, երիտասարդ ճարտարապետներ Հայկ Մկրտչյանի և Տիգրան Մարգարյանի ներկայացրած նախագծերը: Հենց այս երեք նախագծերից է Երևանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովն ընտրություն կատարել:
Ա. Եսայանը նաև ասաց, որ թեև այդ նախագծին է նախապատվությունը տրվել, բայց այն դեռ պետք է համապատասխանեցվի որոշակի չափորոշիչների, որոնք հայտարարված են եղել մրցույթով, ապա կրկին ներկայացվի հանձնաժողովին:
Նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ավելի մանրամասն կներկայացնի մրցույթի արդյունքները, «Համազգային» թատրոնի շենքի կառուցման հետ կապված հարցերը, կպարգևատրվեն հաղթողները:
Նախորդող նորություններ` «Համազգային» թատրոնի շենքի էսքիզային նախագծի մրցույթն ավարտվել է. հաղթած երեք նախագծերից դեռ պետք է ընտրեն
«Համազգային» թատրոնի շենքի նախագծի մրցույթ է հայտարարված
«Համազգային» թատրոնն այլևս չի ուզում «թափառել». «Վաստակել ենք սեփական շենք ունենալու իրավունքը» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան