Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատված է… «…մի երկու կամար չի լինելու»
Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը մշակույթի նախարարության գիտամեթոդական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության է արժանացել: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:
«Շուկայի ստորգետնյա հատվածի շինարարական աշխատանքներն ընթանում են աշխատանքային նախագծին համապատասխան, վերջնամասում դեռ աշխատանքները շարունակվում են: Վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատվել է նախարարության գիտամեթոդական հանձնաժողովի կողմից, ուղարկվել է քաղաքապետարանի ճարտարահատակագծային առաջադրանքի, այնուհետև նոր աշխատանքային նախագիծ կարվի»,- մանրամասնեց նա:
Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե այս պահին վերգետնյա հատվածում շինաշխատանքներ են ընթանում, նա ասաց, որ դրված են միայն արմատուրաները, որոնք արված են ըստ էսքիզային նախագծի, բայց եթե այն փոփոխությունների ենթարկվի, այդ արմատուրաները հատվելու են:
«Երեկ գնացել ենք ու ՍՊԸ-ի տնօրեն Մկրտչյանին ասել ենք, որ մինչև աշխատանքային նախագիծը չհամաձայնեցվի, որևէ բետոնային աշխատանք չպետք է կատարվի, համաձայնվել է»,- ասաց Կ. Այվազյանը:
Նա նաև նշեց, որ էսքիզային նախագծի համաձայն, շուկան պետք է վերականգնի իր նախկին տեսքը, «Ուղղակի եթե չեմ սխալվում մի երկու կամար չի լինելու (փլուզված է 6 կամարաձև թաղեր), քանի որ օֆիասային, ինժեներական մասերը շատ են, տեղ չի անում այդ ամենը, մնացածը վերականգնվելու է, բնույթը պահպանվելու է ամբողջությամբ»:
Նախորդող նորություններ` Մկրտիչ Մինասյան. Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ն սկսել է Հանձնաժողովի առաջարկությունների կատարումը
Փակ շուկա. մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը