Նախարարը կարևորում է երեխային ընտանիք վերադարձնելը, բայց խնամատար ընտանիքների թիվը մնում է անփոփոխ
Ազգային Ժողովում 2012թ-ի պետական բյուջեի հատկացումների քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խոսելով մանկատների ու խնամակալ հաստատությունների մասին հնչեցրեց, որ գերատեսչության համար գերակա է երեխային ընտանիքում պահելու և երեխային ընտանիք վերադարձնելու խնդիրը:
Սակայն ինչպես և վերջին մի քանի տարիներին, այնպես էլ 2013թ-ի բյուջեով դարձյալ հատկացումներ չեն լինելու խնամատար ընտանիքների թվի ավելացման համար:
Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանում կա 25 այդպիսի ընտանիք:
Panorama.am-ը դիմեց նախարարին` պարզաբանելու այդ հարցը. «Նոր խնամատար ընտանիքներ բյուջեով չեն նախատեսվել, պահպանվել են 25 ընտանիքները միայն»,- նշեց Ա.Ասատրյանը:
Թե ինչով է դա պայմանավորված և արդյոք դա նշանակում է, որ ծրագիրն իրեն չի արդարացրել հարցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը արձագանքեց, թե նախարարությունը նախատեսում է ամբողջությամբ հստակեցնել խնամքի տեսակների և ծառայությունների չափորոշիչները, ինչպես նաև հստակեցնել, թե որ երեխաներն են, որ մանկատան խնամքի կարիք ունեն կամ պետք է ունենան և որ երեխաներն են, որ գիշերօթիկ կամ ցերեկային խնամքի կարիքն ունեն:
Առաջին տարբերակի դեպքում հերթական անգամ նշվեց, որ մանկատանը խնամվելու են բացառապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաները. «Այդ ամբողջ դաշտը առարկայականացնելու և հստակեցնելու խնդիր ունենք և հաջորդ տարի այդ բոլոր խնդիրների լուծումները կտանք»,- հավաստիացրեց նախարարը:
Հիշեցնենք, 2006թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-10թթ. ռազմավարությունը», որով սահմանված հիմնական նպատակներին հասնելու համար կազմակերպվող միջոցառումների շարքում էր նաև խնամատար ընտանիքների ինստիտուտի ստեղծումը: Դրա հիմնական նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է:
Խնամատար ընտանիքների ներդրման ծրագիրը սկսվել է իրականացվել 2006-07թ-ից, երբ UNICEF-ի ֆինանսավորմամբ ընտրվեցին 20 խնամատար ընտանիքներ: Եվ քանի որ իրականացված փորձը հաջող էր, 2008թ-ի մայիսի 8-ին ընդունվեց «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխային պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» կառավարության որոշումը, որով կարգավորվում էր հիշյալ ողջ գործընթացը: Սակայն այն բանից հետո, ինչ գործընթացն ամբողջությամբ ստանձնեց կառավարությունը, Հայաստանում խնամատար ընտանիքների թիվն այդպես էլ չավելացավ, ինչպես նշեցինք միայն 25 այդպիսի ընտանիք կա և, փաստորեն, 2013թ-ի պետական բյուջեի նախագծով էլ չի ավելանալու: