Դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը
Այսօր Երևանի կրկեսի տարածքը «դատարկ» է: Միայն օրեցօր պակասող շինանյութի աղբակույտն է: Panorama.am-ին «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Իոսիֆ Պետրոսյանը տեղեկացրեց, որ արդեն հաջորդ շաբաթվա սկզբին պարզ կլինի, թե երբ կդրվի կրկեսի նոր շենքի հիմքը:
«Մենք ուզում էինք պահել շենքի արտաքին տեսքը: Այդ պատճառով սկզբում քանդվեց միայն գմբեթը, այնուհետև ճարտարապետները որոշում կայացրեցին, որ պետք է քանդվի ամբողջ շենքը, քանի որ հնարավոր չէ շահագործել: Բայց վերականգնումից հետո ունենալու է նույն տեսքը, ինչ ունեցել է, ուղղակի չափերով մի քիչ մեծ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը` ներդնելով մոտ 6 միլիոն դոլար: 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել:
Ս. Պետրոսյանն ասաց, որ նորակառույց կրկեսն ընդլայնվելու է` լինելու է ավելի բարձր, 1500 հանդիսականի փոխարեն ընդունելու է 2050-ի, ունենալու է ստորգետնյան երկհարկանի կայանատեղի: Կրկեսի գեղարվեստական ղեկավարը վստահեցրեց, որ տարածքում այլ շինություններ չեն լինելու:
Ս. Պետրոսյան ասաց, որ գլխավոր ճարտարապետը մոսկվաբնակ Վահագն Վերմիշյանն է: Նորակառույց կրկեսը, ըստ նրա, ամբողջությամբ պատրաստ կլինի 2014-ի հոկտեմբերին:
Նախորդող նորություններ`Գլխավոր ճարտարապետը վստահեցնում է` Երևանի վերակառուցվող կրկեսը իր նախկին տեսքն է ունենալու
Կրկեսի հին շենքը նորից պայթեցնելու են
Կրկեսի շենքն այսօր կպայթեցնեն
Սոս Պետրոսյան. 2013-ի հոկտեմբերին կունենանք վերակառուցված կրկես
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում