Ի՞նչ է կատարավում այս պահին Հալեպում. Հաղորդում է Արման Սաղաթելյանը
Ակնկալվում է, որ Երևանից Հալեպ փոխադրված հումանիտար բեռը, որը երեկ Երևանի ժամանակով ժամը 14:00-ին արդեն Հալեպի օդանավակայանում էր, այսօր կտեղափոխվի կենտրոնական շտաբ` հետագա վերաբաշխման համար:
Այս մասին ԱրմՌադիո FM 107-ի եթերում հաղորդել է PanARMENIAN Media Group-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արման Սաղաթելյանը, ով այժմ գտնվում է Հալեպում:
Նա մանրամասնել է, որ բեռն ամբողջությամբ կշռում է 12,5 տոննա, բաղկացած է 1342 արկղից, դրանցում հիմնականում սննդամթերք է:
«Թերևս, օգնությունը բաշխվելու է «մեկ արկղ` մեկ ընտանիքին» սկզբունքով, և այն իհարկե նախատեսված է ոչ միայն հայկական համայնքի համար»,- նշել է Արման Սաղաթելյանը` հավելելով, որ Հալեպում հայկական հյուպատոսարանը միակն է, որ ակտիվորեն աշխատում է, բազմաթիվ մարդիկ են դիմում տարբեր հարցերով: Այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները չեն աշխատում:
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա Արման Սաղաթելյանի փոխանցմամբ, երեկոյան ժամերին փոխհրաձգության ձայներ են լսվում ոչ այնքան ակտիվ, սակայն, այնուամենայնիվ, կրակոցներ կան:
Երեկ գրոհային ինքնաթիռ է նկատվել օդում, և քաղաքի տարբեր վայրերում պայթյուններ են արձանագրվել` ավիացիայի գործադրման հետևանքով:
«Սակայն, ընդհանուր առմամբ, մարդիկ չեն վախենում փողոց դուրս գալ, սրճարաններն ու ռեստորանները կենտրոնում աշխատում են, բաց են խանութները, շուկան: Իհարկե, մարդիկ զգուշավոր են, սակայն, քաղաքն ապրում է բավականին աշխույժ կյանքով»,- Հալեպից հաղորդել է PanARMENIAN Media Group գլխավոր տնօրենի տեղակալ Արման Սաղաթելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին