Մանկապարտեզի մեկ խմբում 40-ից ավելի երեխա կա. Քաղաքապետարանում խնդրին տեղյակ են
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մի շարք մանկապարտեզներում խմբեր կան, որտեղ երեխաների թիվը գերազանցում է նույնիսկ 4 տասնյակը: Panorama.am-ի խմբագրությունը հաճախ է բողոքներ ստանում 3-4 տարեկան մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից:
«Չեն հասցնում բոլորին ուշադիր լինել: Խմբում 41 երեխա եմ հաշվել, բացակա երեխաներն էլ չհաշված: Մի քանի անգամ երեխան չիշիկ է արել տակը, չեն փոխել, այդպես թաց շորերով տուն եմ բերել»,-ասում է Վարդաշենում ապրող ծնողներից մեկը:
Զեյթունից ու Ավանից որոշ ծնողներ էլ ասացին, որ «մահճակալների քչության պատճառով ոչ բոլոր երեխաներին են քնացնում, կամ էլ ոտք ու գլուխ են քնացնում»:
Դաստիարակներից ու դայականերից բողոքներ ու դժգոհություններ չենք ստացել, սակայն նրանց հնարավոր բողոքն էլ արդարացի կլինի: Մի քանի ամիս առաջ Շենգավիթի մանակապարտեզներից մեկի խոհարարի օգնականը բողոքում էր, թե երեխաների թիվն ավելացել, մեծացել է աշխատանքի ծավալը, սակայն աշխատավարձը նույն է մնացել:
Քանի՞ երեխա պետք է լինի մեկ խմբում: «Ըստ սահմանված չափորոշիչների՝ խմբում երեխաների թիվը պետք է լինի առավելագույնը 30»,-Panorama.am-ին հայտնեցին քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից:
Քաղաքապետարանից նշում են, որ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն աճել է Երևանում նախադպրոցական կրթությունն անվճար սահմանելուց հետո /2011թ. մարտ/, իսկ գերբեռնված մանկապարտեզների խմբերը բեռնաթափման նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ։ Թե ինչ աշխատանքներ են տարվում ու երբ խմբերում կլինեն սահմանված թվով սաներ, վարչությունից չեն հստակեցնում:
Խորհրդային տարիներին ընդունված էր, որ խոշոր ձեռնարկություններին կից գործում էին մանկապարտեզներ, դպրոցներ, աշխատակիցների երեխաների համար: Հետաքրքրվեցինք, արդյոք քաղաքապետարանը բանակցություններ վարում է նման հաստատություններ ստեղծելու ուղղությամբ:
«Երևանի քաղաքապետարանը նման ծրագիր չունի և բանակցություններ չի վարում։ Քաղաքապետարանը կողջունի խոշոր տնտեսվարողներին, ովքեր նմանատիպ ծրագրի նախաձեռնողները կլինեն»,-ասացին հանրակրթության վարչությունից:
Նշենք, որ հանրակրթության վարչության Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնից ազատվել է մանկապարտեզի 13 տնօրեն, որից 11-ը իրենց դիմումների համաձայն, իսկ 2-ը հեռացվել են աշխատանքից: Մանկապարտեզի տնօրենները աշխատանքից հեռացվել են ֆինանսական խախտումների պատճառով:
«Երևանի քաղաքապետարանը հետևողական է մանկապարտեզներում իրականացվող աշխատանքների ճիշտ կազմակերպման նկատմամբ, ուշադրության կենտրոնում է երեխաներին մատուցվող սննդի որակը, պիտանելիության ժամկետը, տեսականին և չափաբաժինը։ Վերջին շրջանում քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքային խմբերի կողմից իրականացվել են շրջայցեր, արդյունքում՝ թվով 159 մանկապարտեզներից խախտում է արձանագրվել 2–ում /ժամկետանց և անառողջ սնունդ/, 3-ում՝ թերություն /մթերքի անարդյունավետ օգտագործում/»,-հայտնեցին վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան