55 տարեկան հասակում մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը
ԱՄՆ-ում լեղապարկի վիրահատությունից հետո մահացել է հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մշակույթի նախարարությունում էլ նոր են գույժը ստացել, պատրաստվում են հանձնաժողով ստեղծել: Առայժմ չգիտեն, երգչուհուն հուղարկավորելու են հայրենիքում, թե Կալիֆորնիայում, որտեղ վերջին տարիներին ապրում էր երգչուհին:
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:
Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
1973թ.-ից սկսել է հանդես գալ «Հանրապետական» ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այնուհետև` ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երևան:
1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:
1989թ.-ին ամուսնացել է, ունի 2 երեխա:
1991թ.-ին մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին և շարունակել իր երաժշտական գործունեությունը:
1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում հիմնել է «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:
2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:
2007թ.-ին հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու համար:
Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:
2011թ.-ի Նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցեցին` Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար: