Քահանան խոչընդոտում է ֆիլմի ցուցադրությանը. ռեժիսորը սպասում է Մայր Աթոռի պարզաբանմանը
Սանկտ Պետերբուրգի Սբ.Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանը Մայր Աթոռի անունից պահանջել է հեռացնել Արմեն Գասպարյանի հեղինակած «Հայկական հացը» ֆիլմը` քրիստոնեական ֆիլմերի «Նեվսկի բլագովեստ» («Невский благовест») կինոփառատոնից: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ անձամբ հայտարարեց ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանը` ներկայացնելով քահանայի նման քայլի հետ կապված մի շարք փաստաթղթեր և նամակներ: Նշենք, որ փառատոնն ընթանում է Սանկտ Պետերբուրգում, մեկնարկել է նոյեմբերի 19-ին:
«Հայ առաքելական եկեղեցին ժյուրիում ներկայացնող Չոփուրյանը դիմել է պետերբուրգյան փառատոնի կազմակերպիչներին, և ֆիլմը չի մասնակցել փառատոնին: Կարծում եմ, որ ֆիլմը չի ցուցադրվել միջանձնային հարաբերությունների պատճառով»,- ասաց նա` տեղեկացնելով, որ ֆիլմի նկարահանմանը աջակցել է մոսկվաբնակ բարերար Վարդգես Արծրունին և վերջինիս առաջարկով ներկայացված է մի հատված, որտեղ Պետերբուրգում եկեղեցու կառուցման համար Հայաստանից քար են տանում:
Արմեն Գասպարյանը զարմանք հայտնեց, որ մինչ օրս ֆիլմի հետ կապված որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել Մայր Աթոռից այն դեպքում, որ ֆիլմի համար հեղինակը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից շքանշան է ստացել, մասնակցել տարբեր կինոփառատոների, ֆիլմը ցուցադրվել է ռուսական հեռուստաալիքներով:
Նրա խոսքով, 2010-2011 թթ. նկարահանված ֆիլմում որևէ արգելված տեսարան չկա, սակայն ֆիլմի ցուցադրման տարբեր փուլերում խոչընդոտում էին աշխատանքներին:
«Ֆիլմի գլխավոր հերոսուհին Արուսյակ տատիկն է, ով եղել է Մուշի սուրբ Կարապետ վանքի քահանայի աղջիկներից մեկը: Ֆիլմն այն քարի ճանապարհորդության մասին է, որը Հայաստանից Վրաստանով հասցվում է Մոսկվա` Հայ առաքելական եկեղեցի կառուցելու համար: Քարը այստեղ խորհրդանշում է հացը: Նկարահանումներն իրականացվել են Սուրբ Հռիփսիմե, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցիներում և Օշականում» ,-ասաց նա:
Բանախոսը հաղորդեց, որ ֆիլմը հրավիրվել է մասնակցելու Իտալիայի էթնիկ ֆիլմերի փառատոնին, և նա դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը` խնդրելով Պետերբուրգի կինոփառատոնի համար նախատեսված միջոցները տրամադրել Իտալիայի փառատոնի համար:
«Մշակույթի նախարարությունն էլ կինոփառատոնին չմասնակցելու պարզաբանումներ է պահանջում, սակայն որևէ պարզաբանում չկա Մայր Աթոռից, և դա խոչընդոտում է Իտալիա մեկնելուն», - նկատեց նա:
Արմեն Գասպարյանի խոսքով` Ռուսաստանում ֆիլմի ցուցադրությանը փորձել էր խոչընդոտել նաև Ադրբեջանի դեսպանատունը, մասնավորապես` «Կուլտուրա» պետական հեռուստաալիքով:
«Դեսպանատունը բողոքել է` նշելով, որ այնտեղ Արցախի համար աղոթք է հնչում, ցուցադրվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հեռուստաալիքի աշխատակիցներն առաջարկել են կրճատել այդ հատվածը, սակայն մենք չենք համաձայնվել», - ասաց նա`միաժամանակ շեշտելով, որ չի ցանկանում հավասարության նշաններ դնել հայ քահանայի և ադրբեջանցի դիվանագիտական առաքելության վարքագծի միջև:
Ֆիլմի հեղինակը նաև դժգոհություն հայտնեց, որ Մայր Աթոռի պաշտոնական դիրքորոշման բացակայության պատճառով չի կարող վերադարձնել ավելի քան 35 հազար դոլարի ծախսերը, այդ թվում նաև` բանկերից վարկեր:
Ի դեպ, ֆիլմը այս տարի ներկայացված է եղել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ըստ կինոփառատոնի պաշտոնական կայքէջի` ֆիլմի վերաբերյալ մասնավորապես ասվում է.
«Հայաստանի և Թուրքիայի սահմանները բաժանող չեզոք գիծը միշտ էլ հայկական եկեղեցիների կառուցման համար անհրաժեշտ քարի հիմնական աղբյուրն է եղել: Հնագետի ձեռքի կճուճի ճաքերը հիշեցնում են Հայաստանի բաժան-բաժան արված մասերը, որի ամբողջականությունը նա փորձում է վերականգնել իր երազներում: Իսկ իրական կյանքում հանդիպում է տարեց Արուսյակին` մի կնոջ, որը նրա համար բացահայտում է իրական Հայաստանը` մի երկիր, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` Հավատ»:
Ֆիլմը արժանացել է հետևյալ մրցանակների` ժյուրիի 1-ին մրցանակի` «Ազգային պատմության ցավոտ հարցերի հմուտ արծարծման համար», Հույն-կաթոլիկ եկեղեցու հատուկ մրցանակ` «1915-ի ցեղասպանության տարում քրիստոնյա հայի հավատի ուժի խորունկ կինեմատոգրաֆիական վկայության համար», «Մագնիֆիկատ» ՄԿՓ, Մինսկ, 2011, Լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակ, «Ռադոնեժ» ՄԿՓ, Մոսկվա, 2011:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան