«Դու հաստատ կապրես»… 6-ամյա Նարեկը օգնության կարիք ունի
6-ամյա Նարեկ Մարտիրոսյանը հիվանդ է արյան քաղցկեղով: 2009 թվականին նա անցել է բուժման կուրս, սակայն հիվանդությունը կրկնվել է: Մոսկվայում բժշկական զննությունից հետո ռուս մասնագետները նշանակել են ոսկրածուծի փոխպատվաստում, որը «միակ հույսն է, որ կարող է երեխան փրկվի»: Երեխայի հիվանդության մասին լրագրողներին պատմեց Նարեկի հայրը` Արայիկ Մարտիրոսյանը: Ներկայացնելով իր որդուն, նա նշեց, որ Նարեկը շատ կենսուրախ, աշխույժ երեխա է, բայց այս պահին նրան ամեն մանկական չարաճճիություն, բնականաբար, չեն թույլատրում:
Ա. Մարտիրոսյանի պատմելով, երեխան շատ հարցեր է իրենց տալիս, որոնց մի մասին իրենք չեն կարողանում պատասխանել ու միայն լռում են:
Երեխային անհապաղ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Վիրահատությունն արժի 120-130 հազար եվրո: Գումար գտնելու հույսով մի շարք անհատներ համախմբել են Նարեկի կյանքը փրկելու համար` «Դու հաստատ կապրես» կարգախոսով: Մոսկվա մեկնելու համար երեխայի ընտանիքին օգնել են շատերը` այդ թվում առողջապահության նախարարությունը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Ա. Մարտիրոսյանն ասաց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր մեկ ամսվա աշխատավարձն է փոխանցել: «Այժմ արդեն անհրաժեշտ է վիրահատության համար գումար ու մեր հույսը դուք եք»,- լրագրողների միջոցով փոխանցեց հայրը` դիմելով այն մարդկանց, ովքեր կարող են թեկուզ չնչին օգնություն ցուցաբերել իրենց:
Երեխայի կյանքը փրկելու համար համախմբել են նաև լրագրողներ, երգիչներ: «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, որպես երեխայի կյանքի փրկության կոչ, երգ է գրվել, նկարահանվել է տեսահոլովակ: «Դու հաստատ կապրես» երգը ստեղծվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա, գործիքավորել է Դեր Հովան, խոսքերը գրել է Տարոն Կոխլիկյանը:
Դեր Հովան նշեց, որ երբ նկարահանումների ժամանակ ծանոթացավ երեխայի հետ, նրա պայծառությունն իրեն ավելի ոգևորեց: Նա կոչ արեց օգնել երեխային ու հույս հայտնեց, որ մինչև Նոր տարի ինչ-որ արդյունքի հասած կլինեն: Հ. Հովհաննիսյանն էլ շարունակեց. «Մարդու կյանքում ամենամեծ արած նվերը կարող է լինել ինչ-որ մեկին կյանք նվիրելը: Նարեկի համար ամանորյա ամենամեծ նվերը կարող է լինել հենց կյանքը»:
Նարեկի փրկության համար բացված ՎՏԲ Հայաստան Բանկում բացված է հաշվեհամար` 16 07 60 08 83 79 04/ARM, 16 07 60 08 83 79 05/ USD, 16 07 60 08 83 79 06/EUR եւ 16 07 60 08 83 79 07/RUS: