40 ընկերություններ աշխատատեղեր առաջարկեցին հաշմանդամություն ունեցող անձանց (լուսանկարներ)
«Կոնգրես» հյուրանոցում այսօր շուրջ 40 ընկերություններ աշխատանքի առաջարկ էին ներկայացրել հաշմանդամություն ունեցող անձանց` «Ունիսոն» հասարակական կազմակերպության և «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության համատեղ կազմակերպված աշխատանքի տոնավաճառի շրջանակում: Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 92 տոկոսը ներկայումս չի աշխատում:
Տոնավաճառին ներկայացված էին ինչպես անհատ ձեռներցների կողմից առաջարկվող թափուր հաստիքներ, այնպես էլ առաջատար ընկերությունների և կազմակերպությունների հայտեր` «Բրիտանական խորհուրդ», «Արմենտել» և այլն:
Միջոցառման բացման խոսքում «Save the children» կազմակերպության ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան հայտարարեց, որ ծրագրի ամենագլխավոր բաղադրիչն այն է, որ հնարավորություն տրվի հաշմանդամություն ունեցող անձանց հավատալ սեփական ուժերին և նրան, որ իրենք կարող են աշխատել և պետք է աշխատեն: Իսկ աշխատանքային տվյալ տոնավաճառը շատ լավ առիթ է հաշմանդամություն ունեցող անձանց հանդիպել գործատուների հետ. «Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն մեծ ներուժ, իսկ գոյություն ունեցող կարծրատիպերը հնարավոր է հաղթահարել միայն լավ աշխատանքով, նվիրվածությամբ»,- հայտարարեց նա ու հավաստիացրեց, որ իրենց հերթին կանեն ամեն ինչ, որպեսզի նման հանդիպումները ավելի հաճախ դառնան:
Panorama.am-ը ծանոթացավ նաև ընկերությունների կողմից ներկայացված առաջարկներին, որոնք բազմազան ու բազմապրոֆիլ էին` էլ ավտոփականագործի, էլ ավտոէլեկտրիկի ու զոդողի, էլ ոսկերիչի ու հավաքարարի, գործավարի և այլն:
Մասնավորապես, «Արմենտել» ընկերությունը, որն իր շտատում արդեն շուրջ 50 հաշմանդամություն ունեցող անձ ունի, երեք թափուր հաստիքի առաջարկով էր հանդես եկել: Մեզ հետ զրույցում ընկերության կադրերի բաժնի տնօրեն Լիաննա Խաչատրյանը նշեց, որ ամենագլխավորը այս նուրբ խնդրում նա է, որ ոչ իրենց ընկերությունը, և ոչ էլ առավել ևս պետությունը չեն պարտադրում, որպեսզի աշխատանքի ընդունվելիս մարդիկ ներկայացնեն իրենց հաշմանդամություն ունենալու մասին տեղեկատվություն: Այնպես որ նա չբացառեց, որ հնարավոր է «Արմենտել»-ում հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ ավելի շատ լինեն:
Սակայն ինչ վերաբերում է անվասայլակով տեղաշարժվող անձանց, ապա այս իմաստով խնդիրներ կան, քանի որ, տեղեկացրեց Լ.Խաչատրյանը, «Արմենտել»-ում շինարարական փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը:
Նշենք, տոնավաճառը կայացավ «Save the children» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան