Կ. Դանիելյան. «Մեր ագահությունը սպանում է մեզ»
«Երևանի հիմնախնդիրներով մտահոգվում են բոլորը, շատ դեպքերում նույնիսկ ոլորտի պատասխանատուները, ովքեր հաճախ չեն կարողանում դեմն առնել: Սա գալիս է նրանից, որ մեր երկրում մի տեսակ օրենքի նկատմամբ արհամարհանք կա, չեն հետևում օրենքներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Նրա խոսքով, պետք չէ նոր որոշումներ գրել հուշարձան հասկացության մասին, այլ ուղղակի պետք է հետևել արդեն իսկ առկա օրենքներին:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ համաձայնվեց, որ կան կառավարության որոշումներ, օրենքներ, բայց իրագործման ընթացքում մտնում է բացասական կոմպոնենտը, «մեր ագահությունը սպանում է մեզ»:
Նրանք, նաև ասուլիսին ներկա ճարտարապետ Սաշուր Քալաշյանը խոսեցին Փակ շուկայի, ԱԳՆ շենքի առքուվաճառքի մասին` մտահոգություն հայտնելով, որ այդ հուշարձանները չեն պահպանի իրենց արտաքին տեսքերը, թեև պատասխանատուները հակառակն են պնդում:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն առանձանցրեց նաև մի քանի դրական շարժեր, որ կատարվել են այս տարվա ընթացքում հնչած բողոքների, մասնագիտական կարծիքների շնորհիվ` Մաշտոցի պուրակի կրպակների վերացում, քաղաքապետարանը պարտադրել է քաղաքի տարբեր մասերում գտնվող կիսակառույցների սեփականատերերին ավարտել ու ամբողջական տեսքի բերել դրանք, մասնագետների պահանջով կառավարությունը որոշում է ընդունել ու ստեղծվել է հանձնաժողով` Երևանի փոքր կենտրոնի ճակատագիրը պարզելու համար:
«Հանձնաժողովը ձևավորվեց, սակայն ընթացակարգը գնում է այնպես, որ մինչև օրենք ստեղծվելը երևի կենտրոնից ոչինչ չի մնա: Իսկ մենք ասում էինք, որ նույն պահին պետք է կասցենել բոլոր քաղաքաշինական գործընթացները, տանել քաղաքի շրջակա տարածքները, մինչև այդ օրենքը լինի»,- ասաց Ս. Քալաշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները