Ալի Քերիմլի. «Բանակում մեր զավակներին սպանողը Իլհամ Ալիևի հանցավոր ռեժիմն է»
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Ապշերոնից պարտադիր զինծառայության կանչված և Դաշքեսանի զորամասում հունվարի 8-ին կասկածելի հանգամանքներում կյանքից հեռացած զինվոր Ջեյհուն Գուբադովի մահվան փաստի հետ կապված «Twitter» սոցիալական կայքի իր էջում հաղորդագրություն է թողել:
«Բանակում մեր զավակներին սպանողը մարդասպանը Իլհամ Ալիևի ստեղծած հանցավոր ռեժիմն է: Ռեժիմն ամեն օր հանցագործություններ է իրականացնում: Մենք էլ՝ որպես հասարակություն, խթանում ենք այդ ամենին կամ մեր անգործությամբ, կամ էլ թաքցնելով հանցագործությունը», -գրել Ալի Քերիմլին:
Նրա այդ գրառումը մեջբերել է «Ազադլիգ» թերթը և 7 ժամվա ընթացքում այն ընթերցել է 85 հազար մարդ, իսկ օրվա վերջում` 95 հազար մարդ: Ընդդիմադիր գործիչը հավելել է նաև, որ անհիմն են պնդումներն այն մասին, թե Ադրբեջանի ժողովուրդը հաշտվել է իր ճակատագրի հետ, և կոչ է արել հասարակությանը ակտիվ գործողությունների անցնել:
Ըստ պաշտոնական վարկածի, նորակոչիկ զինվոր Գուբադովի մահվան պատճառը պահակակետում ծառայության պահին սրտի կաթվածն է եղել: Սակայն, նրա հարազատները դիահերձարանում արված լուսանկարներ և տեսանյութ են ներկայացրել ադրբեջանական ԶԼՄ-ներին, որոնցում հստակ երևում է, որ զինվորը սպանվել է դաժան ծեծի արդյունքում:
Նշվում է նաև, որ մի խումբ երիտասարդներ հունվարի 11-ին ժամը 16.00-ին Բաքվի «Շատրվանների» հրապարակում զինվորի մահվան փաստի առնչությամբ պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել: Այդ մասին տեղեկատվություն է տարածվել սոցիալական կայքերում: «Մշտապես զինվորների մահվան մասին լուրեր են տարածվում: Դրանց մեղավորները չեն պատժվում: Եթե մենք այս ամենին վերջ չտանք, ուրիշ ոչ ոք չի անի: Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ադրբեջանցու, ով անտարբեր չէ այս ամենի նկատմամբ: Մենք մեր բողոքը ներկայացնում ենք ցիվիլ կերպով: Պետք չէ մոռանալ, որ սա քաղաքական ակցիա չէ»,- նշված է հայտարարությունում:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության աշխատակից Օրխան Մանսուրզադեն նշել է, որ «Ցանկացած ոչ օրինական ցույց կանխվելու է ոստիկանության կողմից: Այդ հրապարակում շատ մարդիկ են հավաքվում և այն նախատեսված է հանգիստ անցկացնելու համար: Այդ իսկ պատճառով նման վայրում ցույց անցկացնելը անթույլատրելի է: Ոստիկանությունը կանխելու է ցանկացած անօրինական ցույց, որը չի համաձայանեցվի Բաքվի գործադիր իշխանության հետ»,- նշել է Մանսուրզադեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա