Սիրիայում Իրանի դեսպանը հերքում է իր զոհվելու մասին «Ալ-Արաբիայի» տարածած տեղեկատվությունը
Սիրիայում Իրանի դեսպանը հերքել է իր նկատմամբ իրականացված ահաբեկչության մասին լուրը:
Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Սիրիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանին այսօր լիբանանյան «Ալ-Միադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե Սիրիայի նախագահական նստավայր մտնելիս իր, «Հեզբոլլահ» խմբավորման մի քանի անդամների և մի քանի ռուս զինվորականների նկատմամբ ահաբեկչություն է իրականացվել, որի արդյունքում իբր Իրանի դեսպանը զոհվել է:
Իրանի դեսպանը նշել է, որ Սիրիայում պատանդ վերցված 48 իրանցիների ազատ արձակումից հետո որոշ ուժեր, նման սուտ տեղեկատվություն տարածելով, փորձում են ստվեր գցել ձեռք բերված հաջողության վրա:
Իրանական աղբյուրը հավելում է, որ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը գործում է Սաուդյան Արաբիայի ենթակայության ներքո: