«Թանահատի վանքում վերջին տարիներին կամ օրերին ոչ մի քար չի փլուզվել ու չի տեղաշարժվել»
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը հաղորդագրություն է տարածել ի պատասխան «Չենք լռելու» նախաձեռնության բարձրաձայնած խնդրի, որում մասնավորապես ասված է.
«Սյունիքի մարզի Արևիս գյուղի ձախ կողմում գտնվող Թանահատի վանք հուշարձանի պահպանությունն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության կողմից և գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում: Այն կիսավեր վիճակում է դեռ խորհրդային ժամանակներից: Վերջին տարիներին, ամիսներին կամ օրերին որևէ փլուզում վանական համալիրի տարածքում չի եղել, ոչ մի քար չի տեղաշարժվել:
Տեղեկացնում ենք, որ Թանահատի վանքի քարերը եկեղեցու վրայից հանվել են, ոչ թե երեկ կամ մի քանի տարի առաջ, այլ դեռևս խորհրդային տարիներին: Այն ժամանակ մտադրություն է եղել նորոգել վանքը: Դրանք համարակալվել են ու տեղադրվել համալիրի տարածքում, սակայն նորոգում չի կատարվել: Ինչ վերաբերում է եկեղեցու կամարին, որին ևս անդրադարձել է «Չենք լռելու»-ն, ապա նախատեսված է եղել եկեղեցու նորոգումից և ամրակայումից հետո այն տեղադրել վանքի վրա: Կամարը նույնպես հանվել է ԽՍՀՄ տարիներին թուլացած լինելու պատճառով:
Ինչ վերաբերում է վերանորոգմանն ու ամրակայմանն, ապա անշուշտ Թանահատի վանքը հիմնանորոգման կարիք ունի: Տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայության կողմից Թանահատի վանքը արդեն մի քանի տարի է ընդգրկված է հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող հուշարձանների ցանկում: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը խորհուրդ ենք տալիս զբաղվել իրապես ազգանպաստ գործունեությամբ և չնփտրել սենսացիա այնտեղ, որտեղ այն չկա:
Ի դեպ, այս օրերին Թանահատի վանք տանող ճանապարհը /շուրջ 1-1.5 կիլոմետր/ անանցանելի է՝ տեղացած առատ ձյան պատճառով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան