Արմեն Պողոսյան. «Անտրամաբանական և անընդունելի է դեղին համարանիշի հանելը»
Ավտոմեքենաների դեղին պետհամարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելը, բուժզննման և տեխզննման գործառույթները վերացնելը դժգոհություն է առաջացրել տաքսու վարորդների շրջանում: Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի մարտի 6-ի ընդլայնված նիստի օրակարգում քննարկվել էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի կողմից ներկայացված տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրական գնահատեց կենտրոնի գործունեությունը, քանի որ այն նպատակ ունի կարգավորել, հստակեցնել և կիսով չափ կրճատել օրենսդրությունը: Այդուհանդերձ, Ա.Պողոսյանը անտրամաբանական և անընդունելի համարեց դեղին համարանիշների, ամենօրյա տեխզննման ու բուժզննման հանելը: «Դեղին համարանիշը տարբերանշան է, որի միջոցով օգնում է սպառողին՝ տարբերակել օրինական տաքսին անօրինականից: Անօրինակ համարվում են սպիտակ համարանիշներով տաքսիները»,- ասաց նա:
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանն էլ հայտնեց, որ տաքսիստների 70 տոկոսն արդեն վերցրել է դեղին համարանիշներ, իսկ 30 տոկոսն անօրինական է աշխատում: «Տաքսու վարորդները դժգոհում են, քանի որ նրանք արդեն լիցենզիաներ են հանել, մեքենաներն են թարմացրել, իսկ դրա համար վարկեր են վերցրել, որոնք դեռ չեն մարել: Հիմա էլ առաջարկում են դեղին համարանիշը հանել ու նորից այլ պարտավորություններ ստանձնել, ինչը անընդունելի է»,- դժգոհեց Գ.Դոստուրյանը:
Ա.Պողոսյանը նշեց, որ ներկայումս հանրապետությունում կան 15 հազար տաքսիներ, որոնցից 9.5 հազարը Երևանում են: Ուստի նրանք առաջարկում են դեղին համարանիշների համար գինը 17 հազար դրամից նվազեցնել 3500 դրամի, բուժզննում առաջարկվում է անցկացնել 15 օրը մեկ, իսկ տեխզննումը` ոչ ամեն օր: Սա, ըստ նրա, տրամաբանական մոտեցում է:
Սպառողների միության նախագահի գնահատմամբ՝ հանրապետությունում տրասնպորտի նկատմամբ տրամաբանված տնտեսական քաղաքականություն չի վարվում: «Հիշում ենք, երբ Մոսկվայի քաղաքապետը հայտարարեց, որ իրենց մոտ արդեն տրանսպորտային կոլապս է և ինչպես քաղաքապետն ասաց՝ «коллапс уже наступил»: Շատ հավանական է, որ մենք էլ շուտով կհայտնվեք նույն վիճակում»,- ասաց Ա.Պողոսյանը: Նրա խոսքերով՝ լավ կյանքից չէ, որ այսօր այդքան տաքսիներ կան:
Տաքսիների առատությունը նա բացատրում է Երևանի հասարակական տրանսպորտի վատ վիճակով, իսկ եթե նորմալ աշխատի քաղաքային տրանսպորտը, Ա.Պողոսյանի կարծիքով, բնական է, որ մարդիկ կգերադասեն երթևեկել տրանսպորտով, այլ ոչ թե սեփական մեքենաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները