Վ.Բոստանջյան. «Արմավիայի» սնանկացումից քաղաքացիները կտուժեն
«Բոլոր պարագաներում էլ քաղաքացիները կտուժեն, պայմանավորված այն հանգամանքով, որ դրանց չաշխատելը, վերստին վերագործարկելը անհարմարություններ կստեղծի այդ ծառայություններից օգտվողների համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով «Արմավիայի» տարածած հաղորդագրությունն ու ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, «Արմավիա» ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները և սկսում սնանկացման գործընթացը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով ստեղծված իրավիճակը կանդրադառնա ավիատոմսերի գների թանկացման վրա, Վ.Բոստանջյանը նշեց, որ առանց այդ էլ «Արմավիայի» պարագայում ունեինք գների բարձր մակարդակ, և նա այն կարծիքին չէ, որ սպասելի է կտրուկ գների աճ, առավել ևս, որ «աշխարհում կան տարբեր օպերատորներ, ավիաընկերություններ, որոնք այդ ծանրաբեռնվածությունը համեմատաբար էժան գներով կարող են իրականացնել»:
«Սակայն հասկանալի է նաև հետևյալը, որ մենք պետություն ենք, և այս պետությունը պետք է ունենա իր ազգային ավիափոխադրողը: Բոլոր դեպքերում «Արմավիայի» սնանկացման գործընթացից սկսած մինչև կարողանանք կանոնակարգվածություն հաստատել այդ դաշտում, կլինեն անհարմարություններ… գուցե նաև գնային առումով»,- նշեց նա:
«Այս ազատական հարաբերությունների պայմաններում,- շարունակեց մեր զրուցակիցը,- ցանկացած գործունեություն պահանջում է մրցույթ և այս իրավիճակում ևս մրցույթ է լինելու: Պարզապես ողջ խնդիրը նրանում է, որ այդ մրցույթը հնարավորինս օպերատիվ անցկացնենք և հնարավորինս օբյեկտիվ, այն է` ճիշտ, մեր համար ավելի ցանկալի օպերատոր ընտրենք»:
«Բոլոր դեպքերում հուսանք, որ նոր օպերատորը կլինի թերևս գոնե մի քիչ ավելի լավը»,- հավելեց նա:
Նախորդիվ`
Աշխատելն այլևս անհնար է. «Արմավիա»-ն դադարեցնում է չվերթները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները