Աուտիզմ. «Հասարակությունը պետք է հասկանա, որ դա ամաչելու բան չէ»
Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամամակ հայտարարեց «Առաջինը երեխային» ՀԿ նախագահ Նանե Օսկանյանը:
Նրա խոսքով` ներկայումս աուտիզմով հիվանդ է ամեն 88-րդ երեխան, հիվանդության ախտանիշներ ունի յուրաքանչյուր 70-րդ տղա երեխան, իսկ յուրաքանչյուր 20 րոպե մեկ ախտորոշվում է աուտիզմի մեկ դեպք:
«Ըստ վերջին տեղեկությունների` աուտիզմի ախտորոշումը ամեն տարի 10-17 տոկոսով աճում է», - արձանագրեց նա` ցավով նշելով, որ աուտիզմով երեխաները դեռ մեկուսացված են հասարակությունից:
Ասուլիսի մյուս բանախոս` Հայաստանում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» -ի տնօրեն Այրա Պաուլա Հեյվելն էլ ց կարևորեց, որ առողջ և աուտիզմով հիվանդ երեխաների միջև ձևավորվեն նորմալ հարաբերությունները և շփումը, որպեսզի վերջիններս չօտարվեն հասարակությունից: Բանախոսը հիշեցրեց, որ աուտիզմով հիվանդ յուրաքանչյուր երեխայի մոտ հիվանդությունն անհատական է և յուրահատուկ մոտեցում է պահանջում:
«Հասարակությունը պետք է հասկանա, որ դա ամաչելու բան չէ: Ընդհակառակը, պետք է ունենանք գիտակցություն, որ ասենք` այո, խնդիր է: Եվ համապատասխան լուծումներ կայացնենք», - իր հերթին ասաց ասուլիսի հաջորդ բանախոս` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի» տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Աթաջանյանն արձանագրեց, որ աուտիզմով հիվանդ երեխաների ընտանիքները հաճախակի են թաքցնում երեխայի մոտ առկա այդ խնդիրը, և դրանով ավելի մեծացնում նրա մեկուսացվածությունը հասարակությունից:
«Խնդիրը նրանում է, որ աուտիզմի մասին քիչ է տեղեկացված ոչ միայն հանրությունը, այլ խնդրի մասին քիչ են իրազեկ նույնիսկ բժիշկները», - ասաց նա` նշելով, որ մինչ օրս չկա Հայաստանում աուտիզմով հիվանդ մարդկանց հստակ վիճակագրություն:
Հիշեցնենք, որ այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու