«Hurriyet», «Milliyet» և «Zaman»-ը` Երևան-Վան չվերթի հետաձգման մասին
Մարտի 28-ին Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որոշում էր կայացրել անորոշ ժամանակով հետաձգել Երևան-Վան ուղիղ չվերթների իրականացումը։ Չվերթները պետք է իրականցվեին ապրիլի 3-ից սկսած, շաբաթական 2 անգամ հաճախականությամբ:
Այս չվերթը պետք է իրականացվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության և Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից:
Չվերթի հետաձգումը և դրա հնարավոր պատճառները լայնորեն քննարկվում են թուրքական մամուլում:
Թուրքական «Հյուրիյեթը» այս մասին գրում է. «Թուրքիայի և Հայաստանի միջև կարևոր մի քայլ պետք է արվեր, որը կմոտեցներ 2 ժողովուրդներին և կթուլացներ նրանց միջև առկա լարվածությունը: Սակայն նախաձեռնության մասին լուրերի հայտնվելու առաջին իսկ պահից սկսած ադրբեջանական մամուլը խստորեն քննադատում էր այս քայլը և երբ չվերթի իրականացմանը ընդամենը 2 օր էր մնացել այն չեղյալ հայտարարվեց»:
Իսկ «Միլլիյեթ» պարբերականը նշելով, որ անսպասելի կերպով հետաձգված Երևան-Վան չվերթի պատճառներից մեկը Ադրբեջանն է, գրում է. «Ապրիլի 24-ի նախաշեմին նմանատիպ թռիչքը հակազդեցություն էր առաջացրել, որի պատճառով կազմակերպիչ ընկերությունը ստիպված հետքայլ է արել: Թռիչքի իրականացման լուրը Ադրբեջանում խիստ արձագանք էր ստացել, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը, մեկնաբանելով ադրբեջանական մամուլի արձագանքը, բազմիցս նշել էր, որ Երևան-Վան թռիչքը չի հակասում Ադրբեջանի շահերին»:
Թուրքական «Զաման» թերթը թեմայի վերաբերյալ իր անդրադարձը սկսում է հայ-թուրքական հարաբերություններից (հայ-թուրքական ճանապարհային քարտեզ, Ցյուրիխյան արձանագրություններ), սահուն անցում է կատարում Ախթամարի Սբ Խաչ եկեղեցու վերաբացմանը, դրա` հայերի համար ունեցած մեծ նշանակությանը և այդ համատեքստում ներկայացնում Երևան-Վան չվերթի ճակատագիրը:
«Այս չվերթի շնորհիվ շունչ առնող մոռացված անկյունը կսկսեր զարգանալ: Եվ այն պնդումը, թե հայերին թույլ տալով գալ այս հողեր, նրանց հնարավորություն կտա նորից պատմական հարցերը բարձրացնել, անհիմն են, քանի որ հայերը առանց այս 45 րոպեանոց չվերթի էլ գալիս են այս հողերը` անցնելով Վրաստանով»,-գրում հոդվածագիրը և ավելացնում, որ չնայած այս պահին չվերթը հետաձգված է, սակայն ամենայն հավանականությամբ ապրիլից հետո այն կիրականցվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան