Կ. Դանիելյան. Հույս կա, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ չի տեղափոխվի
Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի նամակների միջոցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին կարողացել են փոխանցել իրենց անհանգստությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Թուրքիա (Ստամբուլ) նախատեսվող տեղափոխման կապակցությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ այսօր մի փոքր հույս ունեն, որ գոնե ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակը չի տեղափոխվի, որի հետ էլ հիմնականում աշխատում են հայաստանյան հասարակական կազմակերպությունները:
«Մենք հանդիպել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացի հետ, ներկայացրել ենք մեր անհանգստությունները` հիմնավորելով: Բանագնացն ասել է, որ գլխավոր քարտուղարը տեղյակ է մեր անհանգստությունների մասին, ու փորձում են գտնել կոմպրոմիսային տարբերակ»,- ասաց Կ. Դանիելյանը:
Ըստ նրա, կոմպրոմիսային տարբերակ կարող է լինել այն, որ այդ ծրագիրը շարունակի մնալ Բրատիսլավայում, կամ մեկ այլ երկրում` Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի, որոնց հետ հիմնականում աշխատում է այդ ծրագիրը:
Նշենք, որ արդեն մի քանի ծրագրերի գրասենյակներ տեղափոխվել են Ստամբուլ:
«Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սվետլաննա Ասլանյանն ասաց, որ իրենք ուզում են համագործակվել այլ երկրների ՀԿ-ների հետ` այդպիսով կարողանալով կանխարգելել հետագա քայլերը, քանի որ խոսակցություններ կան, որ Ժնևի գրասենյակները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը նույնպես հնարավոր է տեղափոխեն Թուրքիա:
Նշենք, որ Կիպրոսը պետական մակարդակով է դիմում տարբեր կառույցների, պետությունների` իր բողոքն ու դժգոհությունն արտահայտելով այդ նախաձեռնության դեմ:
«Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նախ և առաջ սա քաղաքական հարց է Թուրքիայի համար: Կ. Դանիելյանը նշեց, որ դա արդեն գիտակցում են հենց ՄԱԿ-ի ղեկավարությունը:
Նախորդող նորություններ`
Դանիելյան. Պայքարում ենք ոչ թե ընդդեմ Թուրքիայի, այլ` հանուն ՄԱԿ-ի կանոնադրության
Հերթական սպառնալիքը Թուրքիայից. հայաստանյան ՀԿ-ներն անհանգստացած են