Պետական կարիքների համար գնվող ապրանքները պետք է ավելի էժան գներով ձեռք բերվեն
ՀՀ կառավարության ասյօրվա նիստում հաստատվեց ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, սահմանվում է, որ պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը չպետք է տարբերվեն ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից, իսկ գները չպետք է գերազանցեն հաստատված ապրանքատեսակների առավելագույն գները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը դիմելով կառավարության անդամներին` հարցրեց, թե արդյոք նրանց համար պարզ է` ի՞նչ է այն իրենից ենթադրում: Սակայն նա մեկ անգամ ևս բացատրեց, թե խնդիրն ինչում է կայանում:
«Բոլոր նախարարները իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, քանի որ սա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նա նշեց, որ Վ.Գաբրիելյանը դուրս է բերել այն ապրանքատեսակները, որոնք հիմնականում ձեռք են բերվում պետական գնումների ընթացքում: «Դա գրիչն է, ջուրը, միսը, կարտոֆիլը, վառելիքը և այլն: Եւ հսկող մարմինները հայտնաբերել են, որ տարեցտարի կրկնվող ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթում լինում է ավելի բարձր, քան այդ ապրանքը կարող ենք գնել խանութում, ինչը անթույլատրելի է: Մինչդեռ այն պետք է լինի ավելի էժան, քան խանութում»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նրա խոսքերով` հիմա սահմանել են կոպիտ ֆիլտր, որի համաձայն` սահմանել են բոլոր ապարանքատեսակների տիպերը և յուրաքանչյուրի համար ֆիքսել են երեք- չորս տիպ: «Դրանից այն կողմ իրավունք չունենք մշտապես կրկնող ապրանքներ առնել: Եթե ուզում եք առանձնահատուկ գրիչ կամ թուղթ առնել, ապա պետք է հիմնավորեք դա` ինչի այս տարի որոշեցիք շատ սպեցիֆիկ թուղթ առնել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ Տ.Սարգսյանի` տիպալոգիան կարևոր է, քանի որ շատ հաճախ խաբեություն է լինում: Հիմա, ինչպես նշեց նա, այդպիսի խորամանկություններ այլևս թույլ չեն տալու և գնելու են ստանդարտ ապրանքատեսակներ: «Եթե միս ենք առնելու, այս չորս տեսակն է, եթե մակարոն, ապա նշվածները, թանկ մակարոն չենք գնելու»,- ասաց Տիգան Սարգսյանը:
Նա նշեց, որ պետական կարիքների համար կառավարության սահմանած գինը խանութներում գործող գներն են, հետևաբար մրցույթների ընթացքում այդ ապրանքները պետք է ավելի էժան գներով ձեռք բերվեն:
«70-80 տոկոսը կրկնվող գնումներ են, դրա նկատմամբ լինելու է վերահսկողական ֆիլտր: Հանրությունը պետք է վստահ լինի, որ մենք ձեռք ենք բերում այս պահի դրությամբ մանրածախին համահունչ գներով: Շատ կոպիտ ֆիլտր է, և արգելում ենք դրանից բարձր գներով ձեռքբերում»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Բացի այդ, ըստ նրա, հանձնարարել է հրապարակային դարձնել այն խոշոր ձեռնարկությունների անունները, որոնք 2011թ-ի աուդիտի եզրակացությամբ ունեն լրջագույն թերություններ կամ չունեն աուդիտի եզրակացություն: Սա նշանակում է, որ նրանց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն: «Կարծում եմ, որ այն ձեռնարկությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն` իրավունք չպետք է ունենան մասնակցելու գնումներին կամ պետք է կարգի բերեն իրենց ֆինանսական հաշվետվությունը, որպեսզի հասկանանք, որ այդ ընկերությունը հանրությանը ներկայացնում է ճշգրիտ տեղեկատվություն»,- ասաց Տ.Սարգսյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ նմանատիպ սկզբունք որդեգրելու են առողջապահության ծառայություններից օգտվելու ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները