Հրդեհ մանկատանը. այրվել են են 8-13 տարեկան տղաների սենյակները...Նախարարությունը դեռ չի քննարկել իր անելիքը
Ընտրություններով տարված անուշադրության է մատնվել մի իրադարձություն. հրդեհ էր բռնկվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը, ինչի հետևանքով այրվել են 8-13 տարեկան տղաների սենյակները: Բարեբախտաբար հրդեհի պահին երեխաները բակում են եղել, իսկ հարևան սենյակներից փոքրիկները ժամանակին տարհանվել են: Panorama.am-ի հետ զրույցում մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը նշեց, որ այս պահի դրությամբ կոնկրետ թիվ չի կարող հնչեցնել, թե գումարային առումով ի՞նչ չափի է հասնում վնասը, սակայն այն, որ ամբողջությամբ այրվել են սենյակները ողջ գույքով, 20 տղա երեխաների պահարաններով` ամառային և ձմեռային հագուստով, կոշկեղենով, ինչպես նաև հիգիենիկ բոլոր պարագաներով, ինքնին խոսուն հանգամանք է:
«Այս պահին դեռ հաշվարկ են անում, բայց մոտավորապես 20-22 հազար դոլար է անհրաժեշտ սենյակների վերանորոգման, գույքով սենյակները ապահովելու համար: Բացի այս, լուրջ վնասվել է նաև կտուրը»,- տեղեկացրեց տնօրենը:
Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ է արել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հ.Մկրտչյանը տեղեկացրեց, որ «ինչ է անելու»-ի մասին հնարավոր կլինի խոսել միայն վաղը, քանի որ ինքը առավոտյան գնալու է նախարարություն հենց այս թեմայի կապակցությամբ: Բայց նախարարության աշխատակիցները, հավաստիացրեց նա, հրդեհի լուրն իմանալուն պես մինչև ուշ գիշեր եղել են մանկատանը, այսինքն բավականին լավ տիրապետում են կատարվածի վերաբերյալ տեղեկատվությանը:
Ի դեպ, տիկին Մկրտչյանն իր խոսքում, երբ պատմում էր հրդեհի պատճառների մասին ասաց, որ հրդեհը շատ արագ է տարածվել, քանի որ բացի նրանից, որ վարդակից կայծը անմիջապես բռնկել է հագուստներն ու պահարաններից անցել սենյակ, այդ հատվածում մանրահատակը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, պոկված, ձութն էլ դուրս եկած, ինչն էլ նպաստել է, որ կրակն ավելի արագ տարածվի ու անցնի բոլոր սենյակներով:
Այլ կերպ ասած, եթե ժամանակին նախարարությունը իր ենթակայության տակ գործող մանկատանը վերանորոգման աշխատանքներ անցկացներ ու կարողանար հնարավորինս նորմալ պայմաններ ապահովել երեխաների համար, հատկապես հաշվի առնելով, որ այս մանկատանը մեծ թիվ են կազմում հաշմանդամություն ունեցող ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաները, ապա գուցե հնարավոր կլիներ զերծ մնալ հրդեհի նման պատկերից…
Ինչևէ, սպասենք, թե ի՞նչ կձեռնարկի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և արդյո՞ք այդ արձագանքը կլինի համարժեք` հաշվի առնելով, որ երեխաները թեև հիմա տեղավորվել են մանկատան մյուս սենյակներում և մերկ էլ չեն, բայց այդ ամենը ժամանակավոր է:
Իսկ մինչ նախարարությունը պատրաստվում է հրդեհից երկու օր անց միայն քննարկել ղեկավարության հետ առկա խնդիրը, հասարակությունը ձեռքերը ծալած չի նստել: Այդպես, մայիսի 7-ին` վաղը, Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դիմաց երեկոյան 19-21-ն ընկած ժամանակահատվածում ակտիվիստները նախաձեռնել են հագուստի, կոշկեղենի և երեխաների համար անհրաժեշտ ամեն պարագայի հավաք, հետագայում այն մանկատան երեխաներին հանձնելու նպատակով: Այս մասին տեղեկատվությունը զետեղված է հատուկ այդ նպատակով facebook սոցիալական ցանցում ստեղծված խմբում….
Հ.Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ այսօր առավոտից իրեն զանգահարում են տարբեր մարդիկ ու առաջարկում իրենց օգնությունը: Սակայն, կրկնում ենք, կոնկրետ որևէ լուծում, հատկապես նախարարությունից, այս պահին չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու