Եվրադատարանի վճռով ՀՀ կառավարությունը 112 հազար եվրո կհատկացնի «Եհովայի վկաներին»
Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։
Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006 թ. մարտի 31-ին։ Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել։
Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել` 6 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր դիմումատուին: 10 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ բոլոր դիմումատուներին միասին` որպես դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2013 թվականի փետրվարի 27-ին, հետևաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2013 թվականի մայիսի 27-ն է: