Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկները պահանջում են սոցիալական խնդիրների լուծում (Տեսանյութ, լուսանկարներ)
Արցախյան պատերազմի մի խումբ վետերաններ այսօր առավոտյան հավաքվել են Ազատության հրապարակում՝ նստացույցի: Նրանք պահանջում են իշխանություններից ուշադրություն դարձնել նախկին ազատամարտիկների սոցիալական և այլ խնդիրների վրա, չանտեսել նրանց հոգսերն ու պաշտպանել իրավունքները:
Ինչպես Panorama.am-ին հայտնեց ակցիայի կազմակերպիչներից, «Մահապարտների» հատուկ գնդի նախկին ազատամարտիկ, պահեստային գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ակցիան կշարունակվի մինչև մայիսի 14-ը, իսկ մայիսի 13-ին նրանք նամակ կտանեն Կառավարություն:
«Մենք պահանջում ենք վերանայել ազատամարտիկ վետերանների սոցնպաստների և կենսաթոշակների չափը, ինչպես նաև՝չանտեսել մեր խնդիրները», - ասաց նա: Ըստ մեր զրուցակցի, վետերանների խնդիրներից տեղյակ է նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բայց հատուկ այդ հարցը չի քննարկվել:
Ի դեպ, Ազատության հրապարակ էին եկել և զրուցել ազատամարտիկների հետ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը («Շմայս») և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վոլոդյա Ավետիսյանը հայտնեց, որ նրանք վստահեցրել են բարձրացնել ազատամարտիկների խնդիրների մասին երկրի ղեկավարությանը: Նա նաև տեղեկացրեց, որ իրենց սատարելու մասին են հայտնել Հայաստանի բոլոր մարզերի վետերանները:
Իր հերթին ազատամարտիկ, Սուրեն Մինասյանը նշեց, որ խնդիրներից միայն թոշակների հարցը չէ: «Ազատամարտիկներին մտահոգում է բնակարանների հարցը, անտեսված լինելը», - ասաց նա: Ըստ բանախոսի՝ սոցիալական ծանր վիճակի պատճառով որևէ հանցանք կատարած ազատամարտիկների նկատմամբ որևէ ներում կամ մեղմացնող հանգամանք չի գործադրվում: «Գոնե կին ազատամարտիկների նկատմամբ մի քիչ մեղմ լինեին» - ասաց նա:
Նախորդիվ`
Ազատամարտիկը կառավարությունից ուշադրություն է պահանջում և պատրաստվում է նստացույցի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները