Բարերար Լևոն Հայրապետյանը կվերադառնա Արցախ` մշտական բնակություն հաստատելու
Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը վերադառնում է հայրենիք `մշտական բնակություն հաստատելու ծննդավայր Վանքում: Այս մասին բարերարը Panorama.am–ին հայտնեց Եռատոնի տոնակատարություններին մասնակցելուց հետո Մոսկվա վերադառնալիս: Նրա խոսքով` որոշումը կայացրել է այս օրերին, իսկ հիմնական պատճառներից մեկն այն է, որ հայրենիքը հիմա իրեն ձգում է առավել քան երբևէ:
«Այս օրերին մի բան հասկացա` ես ինձ այստեղ իսկապես շատ լավ եմ զգում, Արցախի բնակլիմայական պայմաններում ապրելն ինձ համար ավելի օգտակար է ու հաճելի ` մանավանդ այս տարիքում: Այսուհետ ոչ թե ծանրաբեռնվածությանս մեջ կփորձեմ 2-3 օրով Հայաստան գալ, այլև այստեղից 2-3 օրով գործերով կմեկնեմ Մոսկվա, ԱՄՆ, Փարիզ և այլն»,- մեզ հետ զրույցում նշեց Լևոն Հայրապետյանը:
Բարերարն արդեն իսկ հասցրել է խոսել իր բժշկի հետ, այստեղ էլ գտել է լավագույն մասնագետին ու կլինի նրա անմիջական վերահսկողության տակ:
Փաստորեն` տարիներ անց բարերարը վերադառնում է հայրենիք, որտեղ անմիջական վերահսկողության տակ կառնի նաև իր աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
Նա կգա երեք շաբաթ անց` նախագծերի մի ամբողջ տրցակ ձեռքին: Նախատեսում է իր ծնդավայրում` Վանքի մերձակա տարածքներում, մոտ 10 հյուրանոցային համալիր կառուցել:
Բացի այդ, նա պատրաստվում է աշնանը կրկին մեծ հարսանիք կազմակերպել Արցախում: Այս անգամ մեծ հանդիսավորությամբ ու շքեղ արարողակարգով կպսակադրվեն նախորդ անգամվանից մի քանի անգամ ավելի շատ` 1400 զույգ:
Լևոն Հայրապետյանն այսօր էլ ոգևորությամբ է հիշում և պատմում արդեն պատմական փաստ դարձած այն մեծ հարսանիքի մասին, որ 2008-ին առաջին անգամ իր նախաձեռնությամբ կազմակերպվեց Արցախում: 700 արցախցի երիտասարդներ պսակադրվեցին Գանձասարում և բաց երկնքի տակ հարսանիք արեցին Ստեփանակերտի մարզադաշտում:
Հայրապետյանը գոհ է Արցախում իր նախագծերի իրականացումից, հավաստիացնում է, որ կանի ամեն բան` արցախցու համար ավելի բարեկեցիկ պայմաններ ստեղծելու, Արցախով հետաքրքրվող տուրիստների հետաքրքրությունների դաշտն ընդլայնելու և ժամանակակից հարմարավետություն ապահովելու համար: Իսկ մեծ հարսանիքներ կազմակերպելու նպատակը մեկն է` նպաստել Արցախում ժողովրդագրական պատկերի բարելավմանը, ինչու չէ` նաև թշնամուն ապացուցելու մեր ուժն ու հարատևությունը:
Սյուզի Բադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա