«Հանրապետության հրապարակը կարիք ունի արդիականացման». Հայտարարված է մրցույթ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ:
Քաղաքապետարանի կայքում զետեղված մրցույթի հայտարարություն մեջ նշված է, որ մրցույթի նպատակն է «ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին»: Մրցույթի համար քաղաքապետարանը նշել է հետևյալ պատճառները.
- հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի,
իր բոլոր բացասական ազդեցություններով,
- Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները,
- հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են
- կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան,
- ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:
Մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում, ըստ հայտարարության, առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն
հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում:
Մրցութային աշխատանքներ ընդունվում են այսօրվանից մինչև 2013 թվականի օգոստոսի 29-ը: Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների ամփոփումն իրականացվում է մրցութային աշխատանքների շուրջ կազմակերպված հասարակական իրազեկումից հետո, բայց ոչ ուշ, քան 2013 թվականի օգոստոս ամսվա վերջը:
Մրցույթի արդյունքներով ընտրված երեք լավագույն աշխատանքները կպարգևատրվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներով, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 1մլն դրամական պարգևով: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ ուշադրության արժանացած ևս երեք աշխատանքներ կարող են ստանալ խրախուսական մրցանակներ, յուրաքանչյուրը՝ 500 հազ. դրամական պարգևով:
Մրցութային հանձնաժողովի նախագահն է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, հանձնաժողովի անդամներն են՝ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը, Գուրգեն Մուշեղյանը, Սաշուր Քալաշյանը, Յուրի Սաֆարյանը, Արթուր Մեսչյանը, հանձնաժողովի քարտուղարը ճարտարապես Աշոտ Հակոբյանը:
Նշենք, որ Լենինի արձանը Հանրապետության հրապարակում տեղադրվել էր 1940թ. նոյեմբերի 24-ին, ապամոնտաժվեց 1991 թվականին: Արձանի պատվանդանն ապամոնտաժվեց 1996 թվականին:
ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես էր եկել նախագիծ-առաջարկով` Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի «տոհմածառը», որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից:
Երևանի քաղաքապետարանը տարբեր տարիներին կրկին նմանատիպ մրցույթներ հայտարարել էր, բայց հաղթողներ չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները