Ռիտա Սարգսյան. Ամենակարևորը, որ երեխան լինի առողջ (Տեսանյութ, լուսանկարներ)
«Ամենակարևորը, որ մեր բոլոր երեխաները միշտ լինեն առողջ ու երջանիկ»,- Երեխաների պաշտպանության օրվա առիթով «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց հիմնադրամի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Միջոցառմանը հրավիրված էին բոլոր այն բարերարները, ում աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել պայքարել մանկական քաղցկեղի դեմ և ովքեր հիմնադրամի ստեղծման օրվանից աջակցել են քաղցկեղով ու լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժմանը. միայն այս տարվա ընթացքում «Նվիրիր կյանքը» օգնել է 132 երեխայի, նրանց բուժման համար տրամադրվել է 278 մլն 763 հազար դրամ:
Դահլիճում էին նաև փոքրիկները, ում համար էր կազմակերպվել էր այս գեղեցիկ տոնը: Բոլոր հյուրերը` շոու-բիզնեսի աստղերը, դերասանները, գործարարներն ու մտավորականները, բոլոր-բոլորը իրենց հետ նվերներ էին բերել փոքրիկների համար: Թեև մինչ նրանք կհանձնեին իրենց նվերները` գունեղ փափուկ խաղալիքները, փոքրիկները նրանց նվիրեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամի կողմից պատրաստած նվերներով լի տոպրակները: Իսկ այնտեղ` ձայնասկավառակ էր հիմնադրամի ձոներգով և ամենակարևորը` փոքրիկ կրծքանշան, որը խորհրդանշում է, որ նրանցից ամենքը իր լուման է ունեցել գուցե հենց այդ պահին իրեն նվեր մատուցող երեխայի կյանքը փրկելու համար:
«Կարևոր չէ, երեխան չարաճճի է, թե գերազանցիկ, խոսում է երեք օտար լեզուներով, թե տառասխալներով է գրում: Կարևոր է այն, որ նրանք միշտ լինեն առողջ»,- ձոներգի և դրանով նկարահանված տեսահոլովակի շնորհանդեսից հետո հայտարարեց տիկին Ռիտա Սարգսյանը, իսկ բոլոր ներկաները փորձում էին ժպտալ արցունքների հետևից:
Առաջին տիկինը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել ու շարունակում են աջակցել հիմնադրամին և խոստացավ, որ ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ ևս` միջոցառումները կլինեն շարունակական:
Նշենք, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2009թ-ին:
Ֆոտոշարքն ամբողջությամբ` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան