Ֆիզիկայի քննությունը և որոշ դիմորդների «զուգարանային թուլությունը»
Այսօր դիմորդները քննություն հանձնեցին «Ֆիզիկա» առարկայից: ԵՊՀ-ում ֆիզիկայի միասնական քննության ժամանակ Panorama.am-ի թղթակիցը ականատես եղավ մի շարք տարօրինակ երևույթի:
Քննության մեկնարկից րոպեներ անց որոշ դիմորդներ, կարիքները հոգալու պատրվակով, դուրս էին գալիս և 20-25 րոպե մնում էին զուգարանում: Դիմորդներից մեկն էլ անձեռոցիկով և գրիչով էր դուրս եկել, սակայն նրան որևէ մեկը նկատողություն չարեց և նա զուգարանում մնաց ավելի քան 20 րոպե, ապա գոհունակ ժպիտը դեմքին բարձրացավ քննասենյակ: Այսպիսով, որոշ դիմորդներ «զուգարանի ծառայությունից» օգտվեցին մի քանի անգամ, մինչդեռ դիմորդներից մեկը քննությունից դուրս գալուց հետո դժգոհեց` ասելով, որ ցանկացել է դուրս գալ զուգարան, սակայն նրան թույլ չեն տվել:
Դիմորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ քննասենյակում երեխաներից մեկի մոտ հեռախոս են տեսել, վերցրել են, իսկ նա շարունակել է քննությունը, սակայն ըստ ընդունված կարգի` հեռախոսի առկայության դեպքում դիմորդին անմիջապես պետք է դուրս հրավիրեն քննասենյակից: Մեկն էլ նշեց, որ լարվածությունից շարժվել է և անմիջապես ենթարկվել է նկատողության` զգուշացնելով, որ ևս մեկ շարժում և նա կլքի քննասենյակը:
Panorama.am-ի թղթակիցը ԵՊՀ-ում երեք ժամ սպասել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի քննությունների հետ կապված որոշակի պարզաբանումներ ստանա, սակայն հանձնաժողովի նախագահը այդպես էլ չցանկացավ հանդիպել, թեև նա այդ մասին տեղեկացվել էր մի քանի անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին