Կանադահայ համայնքը դժգոհ է. Կանադայի հայոց թեմի առաջնորդի նոր ընտրություններ են սպասվում
Օրեր շարունակ Panorama.am-ի խմբագրությունը էլեկտրոնային փոստով նամակներ է ստանում կանադահայ համայնքի ներկայացուցիչներից, հատկապես Մոնրեալի երիտասարդությունից:
Նրանք դժգոհում ու անարդար են որակում եկեղեցական որոշումը, որի համաձայն Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստյանը պետք է լքի հոգևորականի այդ պաշտոնը:
«Իր անսահման նվիրվածությանբ Բագրատ Սրբազան Գալստյանը մեծ ավանդ ունի Կանադայի հայ առաքելական եկեղեցու թեմի ամրապնդման և կանադահայությհամախնբման գործում: Այդ փաստի վառապացույցներից է նաև այն, որ վերջերս նա արժանացավ «Diamond Jubilee Medal of Queen Elizabeth IIե մեդալին: Դժգոհության ալիքը ավելի մոլեգնեց, երբ հայտնի դարձավ, որ մի խումբ մարդիկ, կուսակցական շահերը վեր դասելով եկեղեցականից, կազմակերպել են անարդար քվեարկություն: Սա ոչ հարգալից քայլ է ուղղված հայ եկեղեցու և նրա հետևորդների դեմ: Չհանդուրժելով անարդարությունը` կանադահայությունը համախմբվել է ի պաշտպանություն Բագրատ Արբազանի: Արդեն կես ամսից ավելի է, ինչ գործում է ինտերնետային կայք, որի միջոցով ստորագրահավաք է կազմակեպվում ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս. Գարեգին Բ վեհափառին կեղծված ընտրությունները չեղյալ համարելու պահանջով»,-ասված է նամակում:
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
«Կանադայի հայոց թեմի 30-րդ պատգամավորական ժողովում թեմի առաջնորդ ընտրվեց Տ. Առեն աբեղա Ճեպեճյանը, ով, սակայն, Կանադայի թեմում համերաշխության վերահաստատման և թեմի ու Հայ Եկեղեցու ընդհանուր շահերի նկատառումով որոշում կայացրեց չստանձնել թեմակալ առաջնորդի պաշտոնը»,-Panorama.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նրա խոսքով, ստեղծված կացության մեջ, ընդառաջ թեմական խորհրդի խնդրանքին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին ծառայության է նշանակել Կանադայի թեմում` ստանձնելու առաջնորդական տեղապահի պաշտոնը, հավատարիմ Թեմի կանոնադրության`վարելու թեմի ընթացիկ գործերը և թեմական խորհրդի հետ միասին կազմակերպելու թեմի թեմական պատգամավորական 31-րդ ժողովը, որի ընթացքին պիտի կայանան Կանադայի հայոց թեմի առաջնորդի նոր ընտրությունները:
«Առաջիկա օրերին Նաթան արքեպիսկոպոսը կմեկնի Կանադա»,-ասաց Տեր Վահրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները