Գիտնական. Աստղագիտությունը հայերի ազգային գիտությունն է, բայց…
Հայաստանն աշխարհում զարգացած աստղագիտական երկրներից մեկն է: Դա պետք է հպարտությամբ ասել: Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը:
«Աշխարհի բոլոր պետություններից երևի ¼-ն են, որ շատ թե քիչ աստղագիտություն ունեն: Ամեն պետություն չէ, որ աստղագիտություն ունի: Ունեցողների մի մասում էլ դեռ սաղմնային վիճակում է, և այնպես չէ, որ արդյունքների են հասել: Բրազիլիայի նման պետության գիտության նախարարը մոտ երեք տարի առաջ հայտնեց, որ իրենք ընդհանրապես գիտություն չեն ունեցել»,-ասաց գիտնականը: Նրա հաշվարկով, կարելի է Հայաստանը դասել լավագույն աստղագիտություն ունեցող 30 պետությունների թվում:
«Սա շատ բարձր ցուցանիշ է, մեզանից առաջ են եվրոպան ու ամերիկյան մի շարք հզոր ու զարգացած պետություններ` Ամերիկա, Կանադա, Ճապոնիա, որոնց հետ մենք չենք կարող մրցակցել: Մենք մի քիչ հումորով ենք ասում, որ աստղագիտությունը հայերի ազգային գիտությունն է, դրա համար շատ ճկուն միտք է պետք, և հայերի ուղեղը լավագույներից մեկն է, ընդհանրապես գիտության և հատկապես աստղագիտության մեջ»,-ասաց գիտնականը, ավելացնելով աստղագիտության մեջ ստանդարտ լուծումներով առաջ գնալ հնարավոր չէ, աստղագիտությունը հարմար է նաև հրեաների համար, իսկ ընդհանրապես, գիտնականը դժվարանում է հայերին մտքի ճկունության առումով համեմատել որևէ ազգի հետ:
«Սա սնապարծության հետ կապ չունի»,-ասաց աստղագետը, նկատելով, որ Հայաստանը 19 երկրներից մեկն է, որն ունի Հայկական վիրտուալ աստղադիտարան ու ընդգրկված է միջազգային այլանսում, որը քննարկում ու որոշում է աստղագիտության զարգացման հետագա տարիները:
«Այլանսում ընդգրկվածները բոլորը հզոր պետություններ են` թե տնտեսությամբ, թե գիտությամբ, տոն տվողը ԱՄՆ-ն է, այնուհետև երևի Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան…»,-ասաց նա:
Ա. Միքայելյանը սակայն մտահոգություններ ունի գիտության ապագայի վերաբերյալ: Այսօր կառավարության կողմից ֆինանսավորումը քիչ է, տեխնիկապես հագեցում չի կատարվում, երիտասարդ ու ոչ երիտասարդ գիտնականները ձգտում են դուրս գնալ:
«Երբ հայ աստղագետն ընկնում է եվրոպական պրոֆեսիանալ միջավայր, միանգամից իրեն դրսևորում է»,-ասաց Ա. Միքայելյանը:
Այս պահին, նրա խոսքով, տարբեր երկրներում աշխատող 255 հայ ասղագետ ունենք, որոնց մի մասը շատ հայտնի գիտնականներ են:
«Հայկական աստղագիտական ընկերությունում բոլորի տվյալները պահպանվում են, կապը նրանց հետ պահպանվում է: Մերոնք լքում են, իսկ այլ երկրներից մեր երկիր չեն գալիս»,-ասաց նա:
Միքայելյանը դժգոհ է գիտության, այդ թվում աստղագիտության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցների չափից:
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ գիտության արդյունքեր ստանալու համար երկարատև ներդրումներ են պետք, գիտությունը համբերություն է պահանջում, այն առևտուր չի:
«Շատ թույլ է մեր տեխնիկական հագեցվածությունը, գործիքների ու դիտակների արդիականցում վաղուց չի եղել, այլ երկրներ նորանոր սարքեր են կառուցում, արբանյակներ են ուղարկում, թեկուզ հին դիտակների վրա նոր սարքեր են տեղադրում ու դիտումների էֆեկտիվությունը մի քանի անգամ բարձրանում է: Մեզ մոտ վաղուց նման բան չի արվել, և մենք գնալով շատ հետ ենք ընկել տեխնիկապես, զարգանում ենք, բայց նման տեմպերով դժվար է զարգանալ այնպես, ինչպես աշխարհի առաջդեմ երկրները»,-ասաց ընկերության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան