Վարդեր, խնձորներ ու մեկ համբույր. Ինչպես են նշել Վարդավառը Հին Հայաստանում
Վարդեր նվիրել սիրելիներին: Կամ խնձոր հավանած աղջկան, որը նաև համբույրի ակնարկ է: Զուռնա ու դհոլ ողջ օրվա ընթացքում: Ամենուր վարդեր: Տոնակատարություններ ուխտավայրերում: Ահա այսպես են հին ժամանակերում Հայաստանում նշել Վարդավառը: Ավանդական այս տոնի մասին հետաքրքիր մանրամասներ լրագրողներին ներկայացրեց ազգագրագետ Սոնա Պապիկյանը:
«Վարդավառի տոնը գալիս է հեթանոսական ժամանակներից: Քրիստոնեության ընդունումից հետո այն հարմարացվել է նաև եկեղեցուն: Նվիրված է ջրի աստվածուհի Նարին, սիրո աստվածուհի աստղիկին: Այն ինչ-որ չափով վերածվել է նաև բերքի տոնի»,- ասաց ազգագրագետը:
Տոնակատարություններն արվում էին հիմնականում աղբյուրների մոտ: Իրար վրա ջուր ցողելը, իրար թրջելը խաղի էր վերածվում, ոչ մեկը մյուսից չէր վիրավորվում: Նույնիսկ չխոսկանություն պահպանող նորահարսերը ջրում էին իրենց սկեսրայներին: Ջուրը՝ առատության խորհրդանիշն էր. հողը թրջում են, որ երաշտ չլինի:
Տոնը նաև հարսնտեսի ու փեսատեսի խորհուրդ է ունեցել. եզակի հնարավորություն էր, երբ տղաներն ու աղջիկները միմյանց հետ շփվում էին անկաշկանդ, տղաները խաղերի միջոցով ցուցադրում էին իրենց հմտությունները: Թռցնում էին նաև աղավնիներ:
Փաստորեն, այսօր բավականին հեռվացել ենք Վարդավառի բուն իմաստաբանությունից ու տոնը նշելու ավանդույթներից: Այսօր Վարդավառը միմյանց, պատահական անցորդներին ջրելու ինչ-որ «սովորության» է վերածվել: Բայց, ինչպես ներկայացրեց ազգագրագետը, տոնն ավելի հետաքրքիր բաղադրիչներ ունի, որը կարելի է կյանքի կոչել նաև այսօր: Ցավոք...
Նախորդող նորություն՝ «Վարդավառ 2013». Ազգային տոնը` Սիրահարների այգում