«Վարդավառ 2013». Ազգային տոնը` Սիրահարների այգում
Հունիսի 7-ին ժամը 11.00-17.00-ը Սիրահարների այգում տեղի կունենա «Վարդավառ 2013» միջոցառումը, որի նպատակն է վերականագնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Վարդավառ 2013» միջոցառման կազմակերպիչ «ՄԱՐՕԳ Մարքեթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը:
Միջոցառման ընթացքում նախատեսվում է լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, «Vardatalk» (տարբեր ոլորտներից հայտնի մարդիկ խոսում են Վարդավառի մասին), հյուրասիրություն` տոնին հատուկ ուտեստներով, ներկայացում` «Միհր» թատրոնի կողմից, խաղեր, երաժշտություն և այլն:
«Վարդավառը եղել է հավասարության, հանդուրժողականության, սիրո տոն: Մենք նպատակ ունենք վերականգնել տոնի մոռացված բաղկացուցիչները և մատնանշել ազգայինը»,- ասաց Դ. Հովհաննիսյանը:
Ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Հռիփսիմե Զատիկյանը նշեց, որ միջոցառման ընթացքում ջուրցողել է լինելու, Վարդավառի հետ կապված տոնախմբություններ: Ըստ նրա, բացի իրար վրա ջուր լցնելուց, պետք է մարդիկ հասկանան, որ տոնն ունի իր իմաստաբանությունը. առատության` խորհրդանիշը ցորենն է, սիրո` խորհրդանիշը վարդն է, բերքի` խորհրդանիշը ջուրն է, որ հողը թաց մնա ու երաշտ չլինի: