2 ամսում իրացվել է Ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս. Արթուր Աղաբեկյան
ԼՂՀ-ում կազմակեպված ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս արդեն իրացվել է, որից 70 000-ը միայն Սփյուռքում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է գաղափարի համահեղինակ ու իրականացնող ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
«Ուսումնասիրելով այն պետությունների փորձը, որտեղ լոտոները, շահումով խաղերը պետության գործառույթների մեջ են, կայացրինք որոշում՝ ԼՂՀ-ում կազմակերպել և անցկացնել ազգային վիճակախաղ: Մինչ օրս երբեք և ոչ մի գործարար Արցախում նման նախաձեռնությամբ հանդես չէր եկել և այդ իմաստով դաշտը նպաստավոր էր, այն կարծրատիպը, որ լոտոները միայն գերշահույթ բերող բիզնես են, մեզ չի առնչվում, քանի որ սա պետության կողմից նախաձեռնած վիճակախաղ է նպատակը՝ ազգային»,-նշում է Արթուր Աղաբեկյանը՝ հորդորելով մեզնից յուրաքանչյուրին մասնակցել Արցախի համար նվիրական ծրագրին:
ԼՂՀ կառավարությունը 2013 թվականին նախաձեռնել է Ազգային վիճակախաղ, որից առաջացած ողջ շահույթը ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին: Մայիսի 9-ին շրջանառության մեջ դրված վիճակախաղի խաղարկության արդյունքները կամփոփվեն 2013 -ի դեկտեմբերի 28-ին:
Նախաձեռնության իրականացման հնարավորությունների և գործիքների մասին է Panorama.am-ի հարցազրույցը՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:
-Ինչու բավարար չափով ագիտացիա չի արվում վիճակախաղի մասին: Որքանով է Հայաստանի պետական ստրուկտուրան ներգրավված այդ գործում:
- ԼՂՀ-ում օրը ոչ պակաս քան 7-8 անգամ տեսահոլովակի միջոցով ներկայացվում է վիճակախաղի նպատակը, Սփյուռքում ևս ակտիվ քարոզվում է և այդ գործում մեզ մեծապես օգնում է ՀՄՀ ՝ ի դեմս գործադիր տնօրեն Արա Վարդանյանի: Օրերս մեզ միացավ նաև Երկիր մեդիան հը՝ ՀՀ տարածքում այդ առաքելությունն իրականացնելու համար: Պետական և մասնավոր մյուս հեռուստաընկերություները, ԶԼՄ-երն իրենց նախաձեռնությամբ հանդես չեն եկել, բայց ժամանակ դեռ կա, կարծում եմ կլինեն նաև համագործակցություններ: Հայաստանում մամուլի 320 վաճառակետերում կան վիճակախաղի տոմսեր: ՀՀ-ում մեր գործընկերներին՝ կառավարության անդամներին խնդրել ենք, որպեսզի իրենք էլ իրենց օղակներով աջակցություն ցուցաբերեն և կան արդեն արձագանքներ: Մենք իհարկե գիտակցում ենք, որ ոչ ավանդական ճանապարհով ենք իրացնում վիճակախաղի տոմսերը, բայց երբ հիշում ես, թե ինչ շնորհակալ գործի է այն ծառայում, քայլերդ մի տեսակ արդարացվում են:
-Մեզ քաջածանոթ վիճակախաղերի, լոտոներից սինդրոմը չի՞ խանգարում Ձեզ, պարոն Աղաբեկյան:
- Ես այնքան կուզեի, որ մեր հայրենակիցներն իսկապես հետաքրքրված լինեին այս վիճակախաղով, տեղեկանային մեր ծրագրին, նպատակներին, վերջապես գիտակցեին, թե որքան կարևոր է մեզ համար նրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը՝ մեր ժողովրդի համար կարևորագույն հիմնախնդիրների լուծմանը: Եթե ինչ որ տեղ էլ հավատի բացակայություն կա, թող իմ խոսքերը դեր խաղան, որպեսզի մարդկաց մոտ վերականգնվի հավատը: Մենք մեր նախանձախնդրությամբ և մեր պահվածքով կապացուցենք, որ այս վիճակախաղի կազմակերպումն ունի այն հիմնական 2 նպատակը, որոնք կարևոր են Արցախում մեր բնակչության դեմոգրաֆիական աճի համար: Միգուցե այս վիճակախաղն իր տեսակի մեջ խիստ տարբերվում է այն բոլորից, որոնց մեր հասարակությունը ծանոթ է 15-20 տարիներ, բայց իմ սերնդակիցները լավ կհիշեն, թե ինչ նշանակություն ուներ մեզ համար այդ խաղարկություններին մասնակցելն ամեն անգամ, որովհետև շրջանառության մեջ դրվող վիճակախաղի վրա կար հստակ ձևակերպված նպատակ և դրան ծառայում էինք յուրաքանչյուրս՝ մեր մասնակցությամբ:
-Ո՞րն է այս պարագայում հստակ ձևակերպած ձեր նպատակը կամ ծրագիրը:
-Ծրագիրը մեծ հաշվով ունի երկու հիմնական նպատակ՝ Տեղական արտադրանքի խրախուսում և վերաբնակեցման ծրագրի իրականացում: Ահա այս երկու հիմնախնդիրների լուծմանը կուղղվեն ազգային վիճակախաղից ստացվող շահույթն ու հարկերը: Ի դեպ, տեղական արտադրանքի խրախուսման նպատակով էլ այս անգամ վիճակախաղում բնակարաններց, ուղեգրերից ու ավտոմեքենայից զատ կխաղարկվեն գորգեր:
-Խնդիրները գլոբալ են և դրանք ենթադրում են համալիր ծրագրեր, շարունակական աշխատանք: Արդյո՞ք սահմանափակ քանակով տպագրված վիճակախաղի տոմսերի իրացումով հնարավոր է նման մասշտաբային հիմնախնդիրներ լուծել:
-Այս անգամ տպագրվել է 300 000 տոմս և սա մեզ համար կարելի է ասել փորձության շրջան է: Հաջորդ անգամ արդեն կտպագրվի 1 մլն ու գուցե ավելի մեծ քանակով տոմսեր: Ազգային վիճակախաղի ծրագիրը միտում կա շարունակական դարձնել: Եռատոնի խորհրդանշական օրը՝ մայիսի 9-ին առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց վիճակախաղը, այս պահի դրությամբ իրացվել է շուրջ 120 000 տոմս, այսինքն երկու ամսվա ընթացքում իրացվել է տոմսերի՝ շուրջ 32 %-ը: Սա լուրջ հանգամանք է և մեզ հույս է տալիս, որ վիճակախաղը բարեհաջող ընթացք կունենա և իսկապես կլինի շարունակական, մանավանդ, որ ԼՂՀ իշխանությունները ունեն բավարար քաղաքական վստահություն ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում ու Սփյուռքում:
Վիճակախաղի տոմսն արժե 2000 դրամ, ԼՂՀ կառավարության հաստատած 2014 թ վերաբնակեցման ծրագիրը հիւմնականում կիրականացվի այս վիճակախաղից ստացվող շահույթից և հարկերից գոյացած լրացուցիչ ռեսուրսների հաշվին: Այս համեստ միջոցները կծառայեն ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրին: Այսօր մեր թիվ 1 խնդիրը Քաշաթաղի շրջանի և Հադրութի հարավային մասի վերաբնակեցումն է: Կա նաև կառավարության հաստատած Արաքսի ծրագիրը, նպատակ ունենք Արաքսի ափով ձգվող հողատարածքները դարձնել հացահատիկային մշակաբույսերի ստեղծման գոտի: Իսկ մինչ այդ այս տարածքում անհրաժեշտ է կառուցել բնակարաններ՝ 1-ին հերթին այդ տարածքներն օպտմալ ձևով իրացնելու, վերաբնակեցման խնդիրը լուծելու համար: Եվ այս հարցում ակնկալում ենք նաև գործարար խավի աջակցությունը: Այդ գոտին նպաստավոր է նռան այգիներ հիմնելու համար: Մենք հավակնություններ ունենք ԼՂՀ-ն դառնա տարածաշրջանում նուռ արտադրող և արտահանող հիմնական երկրներից մեկը և դրա համար ունենք բավարար ռեսուրսներ: Ի վերջո դա մենք տեսել ենք 25-30 տարիներ առաջ, հիշենք՝ նռենիների ինչ փարթամ ու բերրի այգիներ ենք ունեցել այս տարածաշրջանում: Շատ այգեգործներ այսօր էլ հասել են այն մակարդակին, որ իրենց նռով ու նռան օշարակով ծածկել են ողջ հայաստանյան շուկան: Ավելին, նրանք իրենց հիմնած այգիներից միասին վերցրած՝ տարին ստանում են մի քանի հարյուր տոննա նուռ: Իհարկե այս ցուցանիշը նռան գինու արտադրության համար բավարար ցուցանիշ չէ, բայց կհասնենք նրան, որ մոտ ապագայում ծրագիրն ամբողջ ծավալով կյանքի կկոչվի:
-Իսկ ի՞նչ բյուջե է նախատեսված վիճակախաղի իրականացման համար՝ ծախսային մասով:
-Օրենքի պահանջը շատ ավելի բարձր գումար է նախատեսում՝ թույլ է տալիս ակնկալվող շահույթից մինչև 20 տոկոսի չափով ծախսեր իրականացնել: Բայց մենք մեր խաղարկվող անշարժ և շարժական գույքով, տուրիստական տոմսերի ու տեղական արտադրության ապրանքների համար նախատեսվող ծախսով տեղավորվեցինք մինչև 10 %-ի սահմաններում:
Հեղինակ` Սյուզի Բադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան