11 օր է՝ Արարատում ուղևորներին ռեկետ են անում, մարզի իշխանությունները ուղտի ականջում քնած են
Արարատի մարզպետ էդիկ Բարսեղյանը բացատրություն չունի ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով է Վեդի-Արարատ երթուղային գծի սեփականատերն ինքնագործունեություն ծավալում՝ 11 օր է ուղեվարձը թանկացել է 50 %-ով:
Նա երկու օր շարունակ անընդհատ ինչ-որ խորհրդակցությունների մեջ է՝ այն պահից սկսած, երբ պատասխանելով մեր հեռախոսազանգին տեղեկացավ ուղեվարձի թանկացման մասին:
Տրամաբանական է, որ պարոն Բարսեղյանն առաջինը պետք է իմանար այդ թանկացումների մասին, քանի որ հենց մարզպետարանն է հայտարարում և անցկացնում միջհամայնքային ուղևորափոխադրող ընկերություների մրցույթը: Բայց ինչպես երևում է արձակուրդից նոր վերադարձած մարզպետն իր ողջ ներուժն ու էներգիան ուղղել է խորհրդակցություններ անցկացնելու կարևորագույն գործին ու բնավ էլ տրամադրված չէ արագ կերպով արաձագանքել մեզ դիմած քաղաքացիների դժգոհություններին, հապշտապ քայլեր ձեռնարկել բնակիչների շահերը պաշտպանելու համար:
Ի դեպ, մարզպետն այս պարագայում անգործության մատնված միակ չինովնիկը չէ, մեր հարցադրումից տարակուսեց նաև Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը:
Վերջինս ոչ միայն տեղյակ չէր իրեն 4 անգամ քաղաքապետ ընտրած կամ դարձրած բնակիչների խնդրից, այլև ընդհանրապես անտեղյակ էր Կապի և տրանսպորտի ոլորտը համակարգող նախարարի արած հայտարարությունից՝ միջհամայնքային տրանսպորտի ուղեվարձը մնում է նույնը: «Խնդրին չեմ տիրապետում, քանի որ միջհամայնքային տրանսպորտի մրցույթն անցկացնում է մարզպետարանը»,-այսպես է պատճառաբանում քաղաքապետը:
Սստացվում է վեդեցիների ավել վճարած 50 դրամի հոգսն էլ պարտավոր է հոգալ բացառապես մարզպետարանը:
Ի դեպ, Վեդու քաղաքապետի համար առաձնապես ոչինչ չարժեր նաև այն փաստը, որ իր համաքաղաքացիները իրավիճակի ելքը փնտրել են տեսել են ոչ թե իրենց՝ քաղաքային իշխանություններին դիմելու, այլ լրատվամիջոցներին ահազանգելու մեջ:
Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել Ձեր համաքաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ, հարցրինք. «Կոնկրետ ես հիմա չեմ կարող Ձեզ պատասխանել, որովհետև ես անձ եմ, որը ղեկավարվում է որոշակի օրենքներով, բայց ես հո չեմ կարող գլխից դուրս բաներ անել: Ես չգիտեմ, որ դա ապօրինություն է, այդ թանկացումը, դուք եք ընդամենը հայտարարում հիմա այդ մասին»:
Մեզ դիմած բնակիչների խոսքով՝ արդեն 12-րդ օրն է այդ 10 կիլոմետրանոց ճանապարհը գնում գալիս են ամեն օր գազելի մեջ կռիվ-ղալմաղալներով: Տհաճ կոնֆլիկտների մեջ են ընկնում ամեն անգամ, երբ վարորդից բացատրություն են պահանջում՝ ուղեվարձն ինչ իրավունքով են թանկացրել:
«Հեռուստացույցով նայում ենք, ինչ հետևողականորեն միտինգներ ու ակցիաներ են անում Երևանում, որ ուղեվարձը իջեցնեն, բայց հենց մենք ենք փորձում էստեղ մի օր 100 դրամ տալ իջնել, վարորդն ասում է՝ վաղվանից քեզ չեմ տանելու, էլ էս ավտոն չնստես: Ավելի անտանելի է տարեցների վիճակը, նրանք տնից դուրս են գալիս երևի 200-500 դրամով գրպանները գցած, պատկերացնու՞մ եք ինչ անհարմար իրավիճակ է ստեղծվում, երբ ասենք մի հարևան կամ մի ծանոթ էլ է գազել բարձրանում ու կողքդ նստում»:
Հ.Գ. Օրվա ընթացքում կպարզենք Արարատ-Վեդի ուղևորափոխադրող ընկերության անունն ու սեփականատիրոջ ով լինելը և հուսով ենք ՏՄՊՊՀ-ն ուշադրության կարժանացնի և կպատժի պղտոր ջրուկ ձուկ որսացող կազմակերպությանը, որի սեփականատերը գործել է գերշահույթի ակնկալիքով:
Հեղինակ` Սյուզի Բադոյան