Ակցիաները շարունակվելու են մինչ քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը չդարձնի 100 դրամ
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօր Մաշտոցի պուրակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեցին, որ չեն ընդունում Երևանի քաղաքապետարանի հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու հակասոցիալական որոշումը, քանի որ այն նպաստում է սոցիալական անարդարության խորացմանը:
Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարեց, որ 150 դրամ վճարելու մասին պահանջը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ մտել։ Ուստի, ըստ նրա, քաղաքացիներից ոչ ոք իրավունք չունի պահանջել վճարել 150 դրամ:
«Հազարավոր մարդիկ, ովքեր վճարել են 150 դրամ, խաբված են։ Մեր անհնազանդությունն ուղղված է ոչ միայն հակասոցիալական որոշմանը, այլև հակաիրավական որոշմանը»,- ընդգծեց նա։
Սոցիոլոգ, ակտիվիստ Սոնյա Մսրյանն էլ հայտարարեց, որ բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչ քաղաքապետարանը տրասնպորտի սակագինը չդարձնի 100 դրամ:
Նշենք, որ ասուլիսից հետո ակտիվիստները բաժանվեցին մի քանի խմբերի, որպեսզի մայրաքաղաքի տարբեր փողոցներում թռուցիկներ բաժանեն և մարդկանց կոչ անեն չվճարել 150 դրամ։ Այս պահին նրանց կարելի է հանդիպել Երևանի տարբեր հատվածներում, ոմանք թռուցիկներ են բաժանում, ոմանք էլ իրենց մեջքին փակցված բողոքի տեքստը շրջում փողոցներով կամ նստում հասարակական տրանսպորտ: