Ըստ վճարովի կայանատեղերի հաշվարկի` 1 տարին ունի 5 ամիս
Ինչպես հայտնի է, այսուհետ մայրաքաղաքում կարմիր գծանշումով ավտոկայանատեղիները լինելու են վճարովի, իսկ չգծանշվածները` անվճար: Այլ կերպ ասած, մեզ` վարորդներիս, ազատեցին ամեն քայլափոխին փող հավաքող «պարկովշիկներից» (թեև նրանք այսօր դեռ շարունակում են իրենց գործունեությունը երևանյան փողոցներում) ու կարծես թե քաղաքակիրթ տարբերակ առաջարկեցին. վճարել կամ մեկ ժամվա կայանման դիմաց 100 դրամ, կամ` մեկ շաբաթվա դիմաց 1000 դրամ, կամ` մեկ ամսվա համար 2000 հազար, կամ էլ` մեկ տարվա համար 12 հազար դրամ:
Քաղաքակիրթ մոտեցում, բայց որի իրականացումը, ինչպես պարզվում է, ոչ այնքան քաղաքակիրթ է. Մեզ` վարորդներիս, կարծես նորից ուզում են խաբած լինել:
Ընկերներիցս մեկը դիմեց ինձ. Նա ցանկանում էր 1 տարվա գումարը վճարել ու մեկ տարի հանգիստ կայանել Երևանի ցանկացած փողոցում, սակայն հիասթափություն է ապրել` պարզել է, որ մեկ տարվա գումարը վճարելով մի քանի ամսվա սպասարկում է ստանալու:
«Է հետո՞: Բա սա ձև ա՞: Մի բան ուզում են արած լինեն լավ, բայց ինչպես միշտ անում են մեզ խաբելու համար: Չի կարելի էլի, մարդու էշի տեղ ոնց որ դրած լինեն»,- նեղսրտած կիսվեց նա:
Փորձեցի հասկանալ, թե ի՞նչ է սպասվում վարորդներին և արդյո՞ք տեղին է քաղաքացու դժգոհությունը:
Ինչպես մեկ ամիս առաջ տեղեկացվեց` ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություններն իրականացվում են մրցույթով ընտրված օպերատորի՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատր» ՓԲԸ կոնսորցիում խմբի կողմից:
Վճարումներն էլ օգոստոսի 1-ից արդեն պարտադիր են լինելու:
Իմ հարցին` ճի՞շտ է, որ օգոստոսի 1-ով վճարելով 1 տարվա համար 12 հազար դրամ, իրականում վարորդները կարմիր գծանշումով հատվածներում հնարավորություն կունենան անվճար կայանել միայն 5 ամիս` մինչև դեկտեմբերի 31-ը, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ից հայտնեցին, որ նման բան, իսկապես, «գոյություն ունի»` օգոստոսի 1-ին, թե սեպտեմբերի 15-ին, կամ դեկտեմբերի սկզբին մեկ տարվա համար 12 հազար վճարելու դեպքում անվճար կայանելու իրավունքը տրվելու է մինչև օրացույցային տարվա վերջ:
«Ճիշտ կլինի, որ ամսվա համար վճարում կատարվի»,- մեր ճշտող հարցին պատասխանեց հեռախոսավարուհին:
Հետաքրքրվեցի, թե` ինչո՞ւ է նման հաշվարկ արվել և արդյո՞ք այն փոփոխվելու է, սակայն ընկերությունից հայտնեցին, որ մինչև տարեվերջ փոփոխություն չի սպասվում, հնարավոր է հունվարի 1-ից հետո նոր փոփոխություն լինի:
Բայց սա, որքան հասկացա, զուտ ենթադրության վրա հիմնված պատասխան էր…
Նախորդիվ`
Այսուհետ վարորդներից ոչ ոք իրավունք չունի գումար պահանջել մեքենան կայանելու համար. Այսօրվանից գործում են նոր կանոններ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները