«Նեզավիմսիայա Գազետա». Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շոկոլադե պատերազմը» կարող է մասնատել ԱՊՀ-ն
«Նեզավիսիմայա Գազետայի» փոխանցմամբ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շոկոլադե պատերազմը» կարող է մասնատել ԱՊՀ-ն: «Ուղիղ մեկ շաբաթ առաջ սկսված ռուս-ուկրաինական «շոկոլադե պատերազմը», ի տարբերություն նախկին առևտրային վեճերի, քաղաքական դաշտում տարածվել է ԱՊՀ մասշտաբով։
Ռուսաստանին, ինչպես և սպասվում էր, աջակցեցին Մաքսային միության դաշնակիցները՝ Ղազախստանն ու Բելառուսը։
Սակայն Ուկրաինայի կողքին անսպասելի հայտնվեց Տաջիկստանը, իսկ շուտով նրան կարող է միանալ նաև Մոլդովան։
Կիևում դարձյալ հիշեցին 10 տարվա վաղեմության գաղափարի մասին, ըստ որի՝ Ուկրաինան պետք է վերածվի երկրորդ, ռուսականին այլընտրանք համարվող ԱՊՀ-ում ազդեցության կենտրոնի։
«Roshen» շոկոլադի էական խմբաքանակներ են ուղարկվում Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպա, նաև՝ ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Իսրայել։ Ուկրաինացիների համար «Roshen»-ն ինքնատիպ խորհրդանիշ է՝ երկրի այցեքարտերից մեկը։
Սակայն հուլիսի 29-ին Ռուսաստանն արգելեց շոկոլադի մուտքը ռուսական շուկա։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, մեկնաբանելով իրավիճակը, հավաստիացրեց, որ խոսքը ոչ թե հերթական առևտրային պատերազմի, այլ միմյանց ճիշտ չհասկանալու հետևանք է։
Սակայն օրեր անց իրավիճակը ոչ միայն չուղղվեց, այլև ավելի բարդացավ։ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը հայտարարեց արգելքի պատճառը. ուկրաինական ընկերության արտադրանքում հայտնաբերվել է բենզապիրեն նյութ։
Կիևի մասնագետները պնդում են, որ այդ նյութի այդ քանակությամբ պարունակությունը նորմա է համարվում, սակայն այլ երկրների վերահսկող մարմինները սկսեցին ուկրաինական արտադրանքի ստուգման սեփական հետաքննությունն իրականացնել։
Առաջինն այդ մասին հայտարարեց Մոլդովան, սակայն դեռևս չի հրապարակել փորձաքննության արդյունքները»,- գրում է պարբերականը:
Ուկրաինացի փորձագետ Վիտալի Բալան պարբերականի հետ զրույցում նշել է, որ այժմ խոսքը ոչ թե «Ուկրաինայի բարեկամների» քաղաքական ակումբի ձևավորմանն է ուղղված, այլ Ռուսաստանի կողմից առևտրային պատերազմներին համատեղ դիմակայելուն։
«Առևտրային արգելքներն ու սահմանափակումները, ցավոք, Ռուսաստանն օգտագործում է որպես ազդեցության քաղաքական գործիք։ Արդյունքում ԱՊՀ-ում քիչ չեն երկրները, որոնք տուժել են առևտրային պատերազմներից»,- նշել է փորձագետը։
Նա, ինչպես և ուկրաինացի շատ այլ փորձագետներ, վստահ է, որ այս շաբաթ Բելառուսն ու Ղազախստանը, որոնք նոր փորձաքննություն են սկսել, կաջակցեն ռուսական դիրքորոշմանը։
Ուկրանիացի մի շարք փորձագետներ կարծում են, որ իրավիճակը հասնելու է վտանգավոր մասշտաբների:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում