Մեխակավանից է սկսվում մեր Հայրենիքի խաղաղությունը
Արցախի Անկախության 22-ամյակին ընդառաջ, ԼՂՀ Մեխակավանի շրջանում (նախկին Ջաբրայիլ) տեղի է ունեցել խաչքար-սահմանաքարի բացման արարողություն, ինչպես նաև այց ԼՂՀ հարավային շրջանում տեղակայված զորամասեր: Նախաձեռնության հեղինակը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էր: Հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Միջոցառմանը Ա. Զաքարյանից բացի մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և մի շարք այլ հյուրեր:
Ելույթով հանդես է եկել Ա. Զաքարյանը, ողջունել արարողությանը ներկա ԼՂՀ ՊԲ N զորամասի զինծառայողներին ու միջոցառման հյուրերին: Կարևորելով միջոցառման նշանակությունը, վերջինս հայտարարել է, որ այս նախաձեռնությունը միակը չի լինելու:
Արտակ Զաքարյանն ասել է. «Այստեղից է սկսում մեր Հայրենիքը, այստեղից է սկսում մեր հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը»:
Այնուհետև միջոցառման հյուրերն այցելել են Արցախի հարավային շրջանում տեղակայված զորամաս, հանդիպումներ ունեցել զինծառայողների ու սպայական անձնակազմի հետ: