Սահմանային հսկողություն. «Կարծում եմ հաղորդագրության հեղինակն էլ է վստահ, որ կամք չկա»
«Թուրքիայից բերված սննդամթերքը սահմանային հսկողության չի ենթարկվում. «Իրավասություն կա, կամք չկա», Panorama.am-ի հրապարակումից հետո Սննդամթերքի անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի սահմանային հսկողությունն իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
«Սահմանային հսկողության տեսակներն են՝ սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական: Միայն սանիտարական հսկողության պարագայում է կասեցվում բեռի տնօրինումը՝ մինչև լաբորատոր փորձաքննություն իրականացնելը:
Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սահմանային անցման կետում կենդանիների և բույսերի զննման միջոցով: ՀՀ սահմանային անցման կետերում տեղակայված են բուսասանիտարական լաբորատորիաներ»,-պարզաբանում են ծառայությունից, ավելացնելով, որ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ներդրվել է ռիսկի վրա հիմնված հսկողության համակարգ, և Ծառայությունն ունի բավարար կարողություն և կամք՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները:
Քանի որ ծառայության կամքի բացակայության մասին համոզմունք էր հայտնել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ը դիմեց նրան մեկնաբանություն ստանալու համար:
«Կարծում եմ հենց իրենք պետք է մեկնաբանեին, քանզի կամք ունենալու մասին միայն խոսվում է, իսկ ահա գործը մնում է անտեսանելի. զավեշտալին այն է, որ անգամ չեն մեկնաբանել, թե որտեղ է դրսևորվում իրենց չակերտավոր կամքը»,-ասաց ՀԿ նախագահը:
Անդրադառնալով հաղորդագրության այն հատվածին, որտեղ նշվում է, թե Ծառայությունն ինչպես կարող է սահմանային վերահսկողություն իրականացնել, Պիպոյանը նշեց, որ դա թերևս զավեշտներից մյուսն է:
«Քանզի կամքի մասին խոսելիս հստակեցրել էի, թե ինչ մեխանիզմով կարելի է իրականացնել վերահսկողությունը, որը սահմանի հետ ոչ մի կապ չունի: Ծառայությունում կամ չգիտեն կամ անգամ մեր պարզ մեկնաբանությունից հետո չպատկերացրեցին մեխանիզմը: Եթե կամք ունեն, ես չեմ զլանա. ևս մեկ անգամ կմեկնաբանեմ՝ ինչպես է կարելի ենթարկել սահմանային փորձաքննության»:
Հիշեցնենք, որ Պիպոյանի խոսքով, կամքի առկայության պարագայում ծառայությունը կարող էր հսկիչ գնում կատարել ու արդեն իրացման ցանցում սննդամթերքը մոնիտորինգի ենթարկել:
Հարցին, փաստորեն, Ըստ ՀԿ նախագահի, ծառայության հայտարարությունը չի՞ արտացոլում կամքի առկայությունը, Պիպոյանն արձագանքեց. «Ես կասեի ՍԱՊԾ-ի հայտարարությունը զավեշտալի է, որովհետև կարծում եմ հաղորդագրության հեղինակն էլ է վստահ, որ կամք չկա. ուղղակի կամք են ունեցել ինչ-որ կերպ արձագանքելու»: