Անկախության օրը թշնամու դիպուկահարի նշանի տակ. Սահմանամերձ գյուղերում քոչարի են պարում
Հայաստանի Երրորդ Հանրապետության 22-րդ տարեդարձը` անկախության օրը, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում տոնական է: Թշնամու դիպուկահարի նշանի տակ մարդիկ մեծ սեղաններ են բացել ու խմում են Հայաստանի Հանրապետության կենացը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացում արդեն մի թեթև գինովցած էր: Գյուղացիների ու ավագանու հետ նշում էին տոնը: «Խորովածն արել ենք, խմում ենք, պարում: Ընդհանուր միջոցառում ենք կազմակերպել, մի կտոր հաց ենք կիսում: Վերջիվերջո, անկախ ենք, անկախ հանրապետությունում ենք ապրում: Չենք դժգոհում ոչ մի բանից ու չենք բողոքում»,- ասաց գյուղապետը:
Անդրանիկ Այդինյանը խոսափողը փոխանցեց Այգեպարի գյուղացիներից մեկին, ով այդ պահին կենաց էր ասում: «Կարևորը խաղաղություն լինի, մարդիկ լավ ապրեն: Մենք ամեն օր էլ կռիվների մեջ ենք, կրակոցների տակ ենք, բայց չենք բողոքում: Լավ ենք, բերքահավաք է հիմա, ապրում ենք: Հիմա էլ խաղաղության համար ենք բաժակ բարձրացնում»,- ասաց Երվանդը:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղում օրն աշխատանքային է, մարդիկ թշնամու նշանառության տակ գտնվող հողերում բերքահավաք են անում, իսկ տոնը կնշեն երեկոյան: Գյուղապետ Սամվել Կամենդատյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք բոլոր տոները նշում են: «Գնում ենք զոհվածների հուշարձանի մոտ, երեխաներն արտասանում են, շնորհավորում ենք ժողովրդին»,- ասաց նա: Սամվել Կամենդատյանն ընդգծեց, որ կյանքը սահմանից է սկսվում և ովքեր հարգում են սահմանը, հարգում են իրենց ընտանիքը: «Այդ դեպքում տվյալ համայնքը, գյուղը, քաղաքը, պետությունը խնդիր չի ունենա: Մենք յուրաքանչյուրս պետք է լինենք մեր տեղում»,- ասաց գյուղապետը:
Չինարիում ևս տոնն արդեն սկսված է, գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ զրույցի ժամանակ երաժշտության ձայներ էին լսվում: «Մեր համայնքով եկել ենք մեր զոհվածների հուշարձանին, ծաղիկներ դրել: Եկել ենք ելույթներով, մեր քաջարի զավակներին` մեդալներով, պատվոգրերով: Հիմա էլ համերգային ծրագիր է: Վերջում էլ ինչպես միշտ խնջույքի սեղանին պիտի գինովնանք: Այ հիմա սահմանին մեր քոչարին է թնդում»,- ասաց գյուղապետը: Սամվել Սաղոյանը շեշտեց, որ իրենք շատ հպարտ են, որ կարողանում են մասնակցել պետականության և սահմանների ամրապնդմանն ու բանակի հզորացմանը. «Մեր համայնքով հերոսաբար պայքարում ենք ու հպարտ ենք, որ հերոս Հայաստանի Հանրապետության զավակներն ենք»: