Ցեղասպանության զոհերը` սրբերի դասում. Եպիսկոպոսաց ժողովը կորոշի սրբադասման կարգը
Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում երկու կարևոր հարց է դրված քննարկման: Մեկը մկրտության արարողության վերջնական ձևն է, որ պետք է ներկայացվի բոլոր հոգևորականներին, որպեսզի նույնանման կատարվի: Երկրորդը Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցն է:
Մայրավանքի տեսուչ Արարատ եպիսկոպոս Գալթակճյանի կարծիքով` առաջինը հեշտ լուծվող հարց է և առաջին ընթերցմամբ կանցնի, մի փոքր փոփոխություններ կլինեն: «Կարևորը երկրորդն է, որը ավելի դժվար է այն իմաստով, թե ինչպիսի որոշում պիտի ընդունվի սրբադասման համար: 600 տարի է, դա տեղի չի ունեցել, եթե եղել է, մոռացել ենք ձևերը, կանոններ և օրենքներ են հարկավոր, որի հիման վրա այդ սրբադասման գործընթացը վերջնական ձևի մեջ մտնի»,- այսօր Մայր Աթոռում լրագրողներին ասաց նա և նշեց, որ առհասարակ սրբադասման հարցն է դրված:
Եպիսկոպոսը հայտնեց, որ այն 100 տարիներին, որ նորերը չեն սրբադասվել, պետք է արդեն զբաղվել այդ հարցով: «Քանի որ շուտով Ցեղասպանության 100-ամյակն է, մենք կարծում ենք, որ այդ նահատակների սրբադասման հարցը պետք է լինի առաջինը: Անշուշտ գալիք տարիներին այդ հարցը կհստակեցվի և կսկսենք անդրադառնալ 15-16-րդ դարերից այս կողմ»,- ասաց նա: Տաթևացուց հետո նոր սրբեր չենք ունեցել, իսկ պատճառն, ըստ եպիսկոպոսի, այն է, որ չեն կարողացել մեկտեղվել:
Նա նշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք համահայկական բնույթ են կրում, կարող են առաջացնել Եպիսկոպոսական ժողով հրավիրելու անհրաժեշտություն: Այս ժողովի ծրագրով վերջին նիստում կարող են հնչել այլ հարցեր ևս: «Անդրադառնալու ենք այն հրատապ հարցերին, որոնք հուզում են հայ ժողովրդին, եկեղեցուն` հայ ժողովրդի միաբանության, արտագաղթի վերաբերյալ և այլն: Բոլոր հարցերը կարծարծվեն, բայց դրանք լուրջ խնդիրներ են, մենք այստեղ չենք կարող 6 ամիս նստել և մեկ առ մեկ զբաղվել: Չեմ ասում, որ չենք ուզում զբաղվել, պարզապես ժամանակը չի ներում որ հենց այս ժողովի ընթացքում բոլորը քննարկենք և որոշումներ կայացնենք: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում էլի կլինեն ժողովներ և այդ հարցերը կքննարկվեն, բոլոր հարցերն ըստ առաջնայնության կարծարծվեն»,- ասաց նա:
Եպիսկոպոսը նկատեց, որ եկեղեցին խնդիրների վերաբերյալ կարող է առաջարկներ ներկայացնել և իր մասով որոշումներ կընդունի: Հարցին` ո՞վ կիրագործի դրանք, միայն եկեղեցի՞ն, նա պատասխանեց. «Եկեղեցին ժողովուրդն է»:
«Որոշումների մասին չեմ կարող ասել, թե որ ուղղությամբ կգնան, որովհետև յուրաքանչյուր եպիսկոպոս իր փորձառությամբ իր կարծիքն է հայտնելու: Եթե փորձառություն չունես, ոչինչ չես կարող անել: Հուսով ենք, որ այնպայման մի բան պիտի դուրս գա, ի զուր չենք հավաքվել»,- եզրափակեց նա:
Նախորդող հրապարակում`
Մայր Աթոռում մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները